image
Հրատապ լուրեր:

Վրաստան պատրաստ է հարթակ դառնալ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ

Վրաստան պատրաստ է հարթակ դառնալ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ

«Մենք պէտք է կարողանանք ցոյց տալ աշխարհին, որ անգամ պատերազմից յետոյ ուժեղ ենք. պատերազմում պարտուելը մի բան է, կեանքում պարտուելը ուրիշ բան»: Այս մասին, 16 ապրիլին, Թիֆլիսի մէջ հայ լրագրողներու հետ զրոյցին նշեց ՀՀ նախագահ՝ Արմէն Սարգսեան:

«Կարող ես 5 պատերազմում պարտուել, բայց ամէն անգամ ոտքի կանգնել, գնալ առաջ ու յաղթել: Մենք յաղթել ենք 26 տարի առաջ, քիչ աշխատեցինք, լուրջ չվերաբերուեցինք այդ հարցերին, ենթադրեցինք, որ այդ յաղթանակը ընդմիշտ է եւ այլն: Բայց նոյն ձեւով պէտք է պարտութեանը լուրջ վերաբերուենք, ոտքի կանգնենք եւ միասնական առաջ գնանք: Չես կարող յաղթել կեանքում, եթէ բաժանուած լինես»,-ըսաւ նախագահը:

ՀՀ նախագահը աւելցուց, որ ինքը Վրաստանի մէջ իր հանդիպումներու ժամանակ մանրամասն ներկայացուցած է Հայաստանի տեսակէտները տեղի ունեցած պատերազմի մասին, թէ ինչպէս եղաւ եւ ինչու. «Ի հարկէ, չես կարող մոռանալ մեր գերիների ու պատանդների մասին: Ցաւօք սրտի, իրենց կեանքը, իրենց գերութիւնը օգտագործում են որպէս խաղաքարտ հակառակորդի կողմից: Սա անթոյլատրելի է միջազգային որեւէ օրէնքով: Ես միշտ պէտք է բարձրաձայնեմ այս հարցը, քանի դեռ այդ հարցը չի լուծուել: Երբ դու դրա մասին խօսում ես այստեղ, դա լսում է Վրաստանի նախագահը, ժողովուրդը, այլեւ միջազգային հանրութիւնը:

Ի հարկէ, խօսեցինք տարածաշրջանային համագործակցութեան մասին: Շատ կարեւոր է քայլեր անել, որ տարածաշրջանում կայունութիւն տիրի, իսկ կայունութիւն առանց Արցախի հարցի արդարացի ու վերջնական լուծման համարեա անհնարին է լինելու»:

Անդրադառնալով Վրաստանի նախագահի առաջարկին՝ դառնալ հարթակ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ երկխօսութեան համար, Արմէն Սարգսեան ըսաւ. «Առաջին անգամ չէ, որ վրացական կողմն առաջարկում է լինել այն հարթակը, որտեղ կողմերը կարող են բանակցել: Ազնիւ առաջարկ է, թէեւ ովքեր եւ ինչի մասին պէտք է բանակցեն, ինձ համար դեռ պարզ չէ: Որեւէ լուրջ, միջպետական բանակցութեան մասին խօսելուց առաջ, նախ հակառակ կողմը պէտք է ցոյց տայ գոնէ տարրական մարդկային վերաբերմունք: Նոյնիսկ եթէ դու թշնամի ու հակառակորդ ես, չպէտք է ճանապարհներ փակես ապագայ երկխօսութեան համար: