image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելած է մարտական դիրքեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը  այցելած  է մարտական  դիրքեր

Սուրբ Ծննդեան տօնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելութիւններ։

Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամեանի եւ  Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի ուղեկցութեամբ եղաւ Կոտայքի թեմի ծաղկաձորեան ճամբարում, ուր իր զօրակցութիւնն ու օրհնութիւնը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանուած 45 արցախցիներին։

Նորին Սրբութիւնը զրուցեց արցախցի ընտանիքների հետ՝ տեղեկանալով ապագայի վերաբերեալ նրանց ծրագրերին, ապա սուրբծննդեան նուէրներ բաշխեց տարէցներին եւ երեխաներին։

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց նաեւ «Իզմիրլեան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրաւոր զինուորականներին։ Կենտրոնի տնօրէն պրոֆէսոր Արմէն Չարչեանի ուղեկցութեամբ Վեհափառ Հայրապետն այցելեց բոլոր հիւանդասենեակները՝ իր աղօթքը կատարելով հայրենիքի պաշտպանութեան սրբազան առաքելութեան ընթացքում վիրաւորուած քաջորդիների համար եւ հետաքրքրուելով նրանց ապաքինման ընթացքով, առկայ կարիքներով։

Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի ուղեկցութեամբ այցելեց Հայաստանի հարաւային ուղղութեամբ տեղակայուած N զօրամասի մարտական դիրքեր։

Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց սահմանապահ զինուորականներին՝ մեծապէս արժեւորելով հայ զինուորի ու հրամանատարի անձնուէր ու անմնացորդ ծառայութիւնը հայրենիքին։ Ջերմ զրոյցի ընթացքում Վեհափառն ընդգծեց, որ Հայոց բանակը եղել եւ մնում է հիմնական երաշխաւորը անկախ պետականութեան պահպանութեան եւ հայրենաբնակ մեր ժողովրդի պաշտպանութեան։

Նորին Սրբութիւնը հաստատեց, որ արցախեան պատերազմում հայրենեաց պաշտպանների դրսեւորած արի ոգին, նախանձախնդրութիւնը, անձնազոհ եւ եղբայրասէր կերպարը միայն հպարտութեան զգացումով են լցնում իր հոգին։ Վեհափառը նաեւ աղօթքով յիշեց նրանց ծառայակից նահատակ եղբայրներին եւ այլեւս պատմութեան մէջ արձանագրուած նրանց սխրանքները, որոնք ուժ պիտի տան համայն մեր ժողովրդին կերտելու հայրենիքի նոր լուսաւոր օրը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սրբապատկերներ ընծայելով զինուորներին, անփորձանք եւ ապահով ծառայութիւն մաղթեց ամէնքին՝ նշելով, որ մեր զինականները մշտապէս Հայոց Հայրապետի եւ հայ եկեղեցականների աղօթքներում են։