image
Հրատապ լուրեր:

Կյանքից հեռացել է առաջին հայը, որ 1946-ին ոտք է դրել մայր հողի վրա

Կյանքից հեռացել է առաջին հայը, որ 1946-ին ոտք է դրել մայր հողի վրա

96 տարեկանում կյանքից հեռացել է հայ նշանավոր դերասան, բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը: Նրա անունը կապվում է  անցյալ դարի կինոյի և թատրոնի պատմության հետ, բայց նրա անունը սերտորեն կապված է նաև հայ ժողովրդի պատմության մեկ այլ կարևոր դրվագի՝ 1946-1948 թթ. Մեծ հայրենադարձության հետ: Մանարյանների ընտանիքը, ինչպես նաև Երվանդ Մանարյանի 11 ընկերներն առաջին հայրենադարձների խումբն են եղել, որ 1946-ին գաղթել են Հայաստան: Նրանք Հայաստան են եկել Իրանից, իսկ ինչպես սիրում էր ասել Երվանդ Մանարյանը, ինքն առաջինն է ոտք դրել մայր հողի վրա: Խմբի մեջ են եղել նաև երգիչ Հովհաննես Բադալյանը, անվանի արձակագիր Աբիգ Ավագյանը, շատ ուրիշներ:

 

Գալով Հայաստան՝ Երվանդ Մանարյանը բարձրագույն կրթություն է ստանում Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում (Տիգրան Շամիրխանյանի դասարան): Այն ավարտելուց հետո մի քանի անգամ ստանձնում է Գորիսի պետական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը, աշխատում վավերագրական ֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես գլխավոր խմբագիր, միաժամանակ լինելով մեկը դրա հիմնադիրներից: Մի օր էլ իր կրտսեր եղբոր՝ կինոռեժիսոր Արման Մանարյանի դիպլոմային աշխատանքի համար գրում է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմի սցենարը՝ յուրովի նպաստելով այդ կինոերկի աննախադեպ հաջողությանը: Իրար են հաջորդում արդեն գեղարվեստական նոր ֆիլմերի սցենարներ՝ «Սպիտակ ափեր», «Խոհարարները եկել են մրցույթի» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, ինչպես՝ «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն հյուսիսից»«Քաոս»  և այլն:

Հատկանշական է, որ Մանարյանը Հայաստան է ներգաղթել 21 տարեկանում, մինչ այդ սովորելով ծննդավայր Արաքի  Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 

Երվանդ Մանարյանը մեծ ներդրում է ունեցել նաև Հայաստանում տիկնիկային թատերարվեստի զարգացման գործում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից, ավելի ուշ՝ 1988-ին հիմնել է «Ագուլիս» հեղինակային տիկնիկային թատրոն-ստուդիան: Տիկնիկային հայկական թատրոն է հիմնել նաև Կիևում, իսկ Շուշիում բացվել է նրա անվան տիկնիկային թատրոն: Վերջին տասնամյակներում մեծ դերասանն ունեցել է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում՝ միանալով անարդարության դեմ պայքարին: