image

Սիրիայի եւ Իրաքի եզդիներին օգնած Միրզա Դինան՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Սիրիայի եւ Իրաքի եզդիներին օգնած Միրզա Դինան՝  «Ավրորա» մրցանակի դափնեկիր

«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։ 

Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն եւ վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Գործելով հանուն եզդի համայնքի՝ Միրզա Դինային ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմի զոհերի փրկության, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից կանանց եւ երեխաների տարհանման, ինչպես նաեւ կտտանքների ու չարաշահումների ենթարկվածների աջակցության գործին։