Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոր մտահոգութիւնը արտայայտած է Սուրիոյ մէջ տեղի ունեցող վերջին զարգացումներու կապակցութեամբ:
«Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետութեան հիւսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացուող ռազմական ներխուժման վերաբերեալ։
Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրութեան ուշադրութիւնն ենք հրաւիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրէնքի դէմ գործողութիւնների վրայ` ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր` յետագայ արիւնահեղութիւնը կանխելու համար:
Փոքրամասնութիւնների` այդ թւում սիրիահայ մեր զաւակների դէմ վերջիններիս ազգային ինքնութեան պատճառով Թուրքիայի կողմից յարձակումների վտանգը արթնացնում է նոյն պետութեան կողմից 1915-23թթ. իրագործուած Հայոց Ցեղասպանութեան մասին յուշերը եւ պէտք է խստագոյն դատապարտութեան արժանանայ միջազգային հանրութեան կողմից։
Կիսելով ցաւն ու տառապանքը պատերազմի արհաւիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների եւ քոյրերի` աղօթք ենք բարձրացնում առ Աստուած Սիրիայում եւ ողջ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան շուտափոյթ վերահաստատման համար: Կատարուածը չունի որեւէ արդարացում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զօրակցութիւնը բերել Սիրիայի ժողովրդին եւ մեր ազգի զաւակներին», - ըսուած է Վեհափառ Հայրապետի խօսքին մէջ: