image
Հրատապ լուրեր:

Երևանի կենտրոնական զբոսայգիներից մեկն անվանակոչվեց Դիանա Աբգարի անունով

Երևանի կենտրոնական զբոսայգիներից մեկն անվանակոչվեց Դիանա Աբգարի անունով

Երևանի ավագանու նիստում այսօր որոշվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին կոչել հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կին, բարեգործ Դիանա Աբգարի անվամբ: 

Նախագիծը ներկայացրել են ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Դիանա Աբգարը եղել է հայ հասարակական գործիչ, գրող, բարեգործ և աշխարհում առաջին կինը, որ նշանակվել է պատվավոր հյուպատոս։ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին
լրանում է Դիանա Աբգարի 160-ամյակը։

 


Դիանա Աբգարը (ծննդյան անունը՝ Գայանա, օրիորդական ազգանունը՝ Աղաբեկ (Աղաբեկյան)), ծնվել է պարսկահայերի ընտանիքում՝ Բիրմայի (Մյանմա) այն ժամանակվա մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն)։ 1890 թվականից մինչ մահը բնակվել է Ճապոնիայում։

1906 թվականին՝ ամուսնու մահից հետո Դիանան ստանձնել է նրա առևտրային ընկերությունների կառավարումը, ինչն արել է մեծ հմտությամբ։ 1909 թվականի Ադանայի կոտորածը Դիանա Աբգարին մղել է դեպի հանրային, գրական և հրապարակախոսական ակտիվ գործունեություն, որի առանցքում հայերի դժվարին կացությունը և հայկական հարցն էին։ Այդ ժամանակից ի վեր նա իր հետագա կյանքի ողջ գործունեությունը նվիրել է իր պատմական
հայրենիքին և հայ ժողովրդին։

Դիանա Աբգարն առաջիններից մեկն էր, որ ապացուցեց, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել էր թուրքական իշխանությունների կողմից: Նա հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է «The Japan Gazette» և «Far East» անգլերեն պարբերականներին, երբեմն նաև «New York Times»-ին։

Դիանա Աբգարը բեղմնավոր գրչի տեր էր։ Նա գրում էր Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի ծայրահեղ պայմանների մասին` ընդգծելով հայերին փրկելու Արևմուտքի բարոյական պարտականությունը: Նրա անգլերեն հեղինակած գրքերից են «Ճշմարտությունը հայության ջարդերի մասին» (1910), «Հայերի հարցը», «Դավաճանված Հայաստան» (1912), «Նրա անունով» (1911), «Եվրոպայի խաղաղությունը», «Խաղաղության խնդիրը» (1912), «Մեծ չարիք» (1914) և այլն:

Դիանա Աբգարն ունեցել է հինգ զավակ, որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում։ Նրա սերունդները տեղափոխվել են ԱՄՆ և մինչ օրս բնակվում են այնտեղ։