image

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաներին. Լուսանկարներ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաներին. Լուսանկարներ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ի երեկոյան կառավարական առանձնատանը կրտսեր դստեր՝ Արփի Փաշինյանի հետ հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի 5-րդ դասարանի 20 աշակերտների։ Այդ մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի կայքը, նշելով, որ  ապրիլին Բոստոնում Աննա Հակոբյանն այցելել էր Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան և տեղեկանալով, որ մայիսի վերջին աշակերտներն իրենց արձակուրդն անցկացնելու են Հայաստանում, խոստացել էր նրանց կհյուրընկալել։ Հանդիպմանը երեխաները պատմել են, որ արձակուրդի ընթացքում այցելել են Արցախ, Սարդարապատ, բազմաթիվ թանգարաններ Երևանում։ Նրանք անկեղծացել են, որ կցանկանային ամեն տարի գալ Հայաստան։

Վարժարանի սան Վարդան Առաքելյանի հարցին, թե արդյո՞ք հեշտ է լինել վարչապետի տիկին, Աննա Հակոբյանը պատասխանել է, որ իր կյանքը երբեք հեշտ չի եղել, քանի որ իր ամուսինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե´ խմբագիր, թե´ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ միշտ պայքարել է անարդարության դեմ, հետապնդվել, հայտնվել ընդհատակում ու նաև բանտում։

«Այժմ մենք շատ ենք աշխատում և ամեն ինչ անում, որ մեր երկրի խնդիրները լուծվեն։ Իմ կյանքը փոխվել է, քանի որ այժմ ինձ բոլորն են ճանաչում և շատ դժվար է դարձել նույնսիկ քաղաքում քայլելը։ Բայց բոլոր փոփոխություններն էլ ես ընդունում եմ սիրով, քանի որ գիտեմ, որ եկել է մի ժամանակ, որ պետք է ծառայել երկրի համար»,- ասել է Աննա Հակոբյանը։

Հանդիպմանը աշակերտները ներկայացրել են այցից ստացած իրենց տպավորությունները, այնուհետև բանաստեղծություններ արտասանել, երգել հայրենասիրական երգեր։