image

Կատարուեց հոգեհանգիստ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆեանի համար

Կատարուեց հոգեհանգիստ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆեանի համար

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, Ս. Գայանէ վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողութեանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը:

Հաւարտ Ս. Պատարագի կատարուեց հոգեհանգստեան կարգ մարտի 8-ին վախճանուված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆեանի համար: Արարողութեանը ներկայ էին փոխվարչապէտ Տիգրան Աւինեանը, պետական այրեր, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ:

            Ներկայ հոգեւոր դասը եւ հաւատաւոր ժողովուրդն աղօթք բարձրացրեցին առ Աստուած հոգելոյս Մեսրոպ Բ. Պատրիարքի հոգու խաղաղութեան եւ հանգստութեան համար: 

Հոգեհանգստից հետոյ Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով իր հայրական խօսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնաւորապես ասաց.

«Հոգեւոր հայրեր եւ սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այս պահին վիշտ է մեր հոգիներում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանի վախճանման տխուր առիթով: Սգակիր մեր սրտերի համար ցաւ է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակեալ հոգեւորականի մահը, մեկնումը այս տեսանելի աշխարհից:

«Հաւատովք ճանաչե՛լ զնա, եւ զզօրութիւն յարութեան նորա, եւ զհաղորդութիւն չարչարանաց նորա, կերպարանակի՛ց լինել մահու նորա» (Փիլիպ. 3.10),- ասում է առաքեալը: Մեր Տիրոջն ու Փրկչին` Յիսուս Քրիստոսին հաւատացողներն աստուածանմանութեան ուղիով են ընթանում ոչ միայն այս երկրաւոր կեանքի, այլեւ մահուան ճանապարհին, քանզի առաքելական խօսքի համաձայն կերպարանակից ենք լինում նաեւ Փրկչի մահուանը` յարութեան եւ յաւիտենական կեանքի անխորտակելի յոյսով: Յարութեան տէրունական շնորհն է, որ պարտութեան է մատնում մահուանը եւ Երկնքի Արքայութեան դռները բացում նրանց առջեւ, «որք հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս ննջեցին»: Մխիթարական այս գիտակցութեամբ ենք այսօր հրաժեշտ տալիս սիրելի Պատրիարք Սրբազանին:

Յիրաւի, ծանր է կորուստը, եւ սուգի մեջ են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան պատմական Աթոռը, Պատրիարքութեան Մեր հաւատաւոր զաւակները, համայն Մեր հաւատաւոր ժողովուրդը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Լուսահոգի Պատրիարքը մեր Սուրբ Եկեղեցուն եւ ժողովրդին ամբողջանուեր ծառայութեան ուխտ կնքեց աւելի քան չորս տասնամեակներ առաջ` կուսակրօն քահանայութեան սպասաւորութիւնը ստանձնելով: Նա բանիմաց հոգեւորական էր, ով դեռեւս երիտասարդ տարիներից իր ուսումնատենչ հոգում ամբարեց գիտելեաց պաշարներ եւ ուսանելով փիլիսոփայութիւն ու աստուածաբանութիւն Միացեալ Նահանգներում եւ ապա Երուսաղէմում` վերադարձավ նոր եռանդով ու կորովով ծառայութիւն բերելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան աւանդապահ եւ Քրիստոսասէր Մեր բարեպաշտ զաւակներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հայոց հոգեւոր կենտրոնում եպիսկոպոսական ձեռնադրութիւնից տարիներ անց Մեսրոպ Սրբազանը ստանձնեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան նուիրական Աթոռի առաջին սպասաւորը լինելու առաքելութիւնը: Պատրիարքական իր պատասխանատու եւ երբեմն դժուարին գործունեութեան ողջ ընթացքում նա եղաւ  ծառայանուէր մշակ, ով եռանդուն սպասաւորութեամբ ջանում էր զօրեղ ու միասնական պահել Թուրքիոյ հայ համայնքը, աշխոյժ` Պատրիարքութեան ազգային-եկեղեցական կեանքը, ազգային-մշակութային կազմակերպութիւնների եւ կրթական հաստատութիւնների կարեւոր գործունէութիւնը: Աւա՜ղ, հիւանդութիւնը տկարացրեց սիրելի Պատրիարքին, տարաժամ բերեց «զհաղորդութիւն չարչարանաց», եւ վաղահաս մահուամբ իր վերջին յանգրուանը փոխադրուեց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանը:

Մենք այսօր աղօթական ոգով ուղեկցում ենք վախճանեալ Պատրիարքին դէպի յավերժական կեանքի ճանապարհ: Նա ննջեց այս աշխարհում, սակայն յառնելու է երկնային լուսեղէն օթեւաններում, ուր պիտի լսի Աստծոյ նուիրեալ ծառաներին առ Քրիստոս կանչող ձայնը. «Արի՛ որ ննջեսդ, եւ կանգնեա՛ց ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս» (Եփ. 5.14):

Ի խորոց սրտի յայցում ենք առ Ամենողորմ Տէրը, որ երկնային բարձունքներում խաղաղութեան եւ հանգստության մէջ ընդունի հոգին հաւատարիմ Իր սպասաւորի` Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանի, և Սուրբ Հոգու մխիթարութիւնը շնորհի մեզ ամենքիս, սգացեալ տիրամօրը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան սիրելի Մեր զաւակներին, մեր հոգեւոր դասին, վշտացեալ հաւատաւոր Մեր ժողովրդին:

Աղօթք և օրհնութիւն Մեսրոպ Պատրիարքի լոյս յիշատակին»: