image
Հրատապ լուրեր:

Լուիզ Մանուկեան-Սիմոնը ամենասերտ առնչութիւնը ունէր այն ամէնի հետ, որ կը կոչուի հայ ու Հայաստան. Արմէն Սարգսեան

Լուիզ Մանուկեան-Սիմոնը ամենասերտ առնչութիւնը ունէր այն ամէնի հետ, որ կը կոչուի հայ ու Հայաստան. Արմէն Սարգսեան

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը ցաւակցական հեռագիր յղած է ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկեան-Սիմոնի մահուան կապակցութեամբ:

Հեռագրին մէջ ըսուած է.

«Խոր կսկիծ ու ցաւ ապրեցի՝ ստանալով մեր ժողովրդի արժանաւոր դուստր, ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկեան-Սիմոնի մահուան գոյժը:

Այս կորուստը չափազանց մեծ է Հայաստանի, Արցախի ու աշխարհասփիւռ հայութեան համար, քանզի Տիկին Մանուկեան-Սիմոնն ամենասերտ առնչութիւնն ունէր այն ամէնի հետ, որ կոչւում է հայ ու Հայաստան՝ մշտապէս լինելով նրանց կողքին ու նրանց մէջ:

Որպէս արժանի զաւակ իր ազգանուէր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկեանի եւ տիկին Մարի Մանուկեանի, որպէս Հայկական բարեգործական ընդհանուր միութեան նախագահ ու բարերար, նրա մատուցած ծառայութիւնները Հայրենիքին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդին իրապէս բացառիկ են իրենց ծաւալներով ու բովանդակութեամբ:

Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Արցախը դարձան նրա հայրենանուէր գործունէութեան թիրախը, որոնց Տիկին Լուիզ Մանուկեան-Սիմոնը նուիրուած մնաց մինչեւ իր կեանքի վերջը: Որպէս Հայկական բարեգործական ընդհանուր միութեան երկարամեայ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ ու պատուաւոր անդամ, նա բազմաթիւ ծրագրեր նախաձեռնեց ու իրականացրեց թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնում, թէ՛ Արցախում, թէ՛ Սփիւռքում:

Այդ Մեծ Տիկինն իր ընդգրկուն գործունէութեամբ եւ հեղինակութեամբ դուրս է գալիս ազգային սահմաններից եւ մեր ժողովրդին լաւագոյն կերպով ներկայացնում միջազգային մակարդակով:

Համազգային կորստի այս ծանր պահին անկեղծ ու խորին ցաւակցութիւնս եմ յայտնում Տիկին Լուիզ Մանուկեան-Սիմոնի ընտանիքին ու հարազատներին, եղբօրը՝ Ռիչարտ Մանուկեանին, երեք զաւակներին, զոյգ թոռներին, Հայկական բարեգործական ընդհանուր միութեանը, հոգաբարձուների խորհրդին եւ կիսում բոլորի վիշտը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»: