image

Սկսած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետական այցը Աւստրալիա

Սկսած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետական այցը Աւստրալիա

Փետրուարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովուապետական այցով ժամանեց Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նրա շքախմբին Աւստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանաւակայանում դիմաւորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանի գլխաւորութեամբ թեմի եկեղեցականները, թեմական եւ ծխական, ինչպէս նաեւ հայկական կազմակերպութիւնների շուրջ քսան ներկայացուցիչներ:

Փետրուարի 2-ին Սիդնեյի Սուրբ Յարութիւն առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ «Հրաշափառ»-ի արարողութիւն: Եկեղեցու առջեւ Ամենայն Հայոց Հայրապետին խաչվառներով, դրօշակներով եւ բարիգալստեան պաստառներով դիմաւորեցին հոգեւոր դասը եւ թեմական եւ ծխական խորհրդների անդամներ, երգչախմբերի անդամներ, դպրոցական աշակերտներ եւ սկաուտներ:

Աղ ու հացի օրհնութեան արարողութիւնից յետոյ Վեհափառ Հայրապետը շարականների երգեցողութեան ներքոյ հանդիսաւորապէս մուտք գործեց եկեղեցի, ուր Հայոց Հովուապետի օրհնաբեր այցին սպասում էին աւելի քան 400 հաւատացեալներ: Օրհնելով բարեպաշտ հայորդիներին` Նորին Սրբութիւնն ուղղուեց դէպի Սուրբ Խորան, ուր կատարուեց Եկեղեցու երկրպագութեան կարգը:

Այնուհետեւ յանուն եկեղեցական դասին, թեմական, ծխական խորհուրդների եւ համայն աւստրալահայութեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանը` հրաւիրելով Նորին Սրբութեանն իր հայրական օրհնութիւնը բաշխելու ներկայ ժողովրդին:

Իր պատգամի բնաբան ընտրելով «Ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէ՛ք Նրանով՝ արմատաւորուած եւ կառուցուած Նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ» առաքելական յորդորը` Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց Աւստրալիայում բնակուող եկեղեցասէր ու ազգասէր հայորդիներին` գոհաբանութեամբ առ Աստուած նշելով, որ տարիներ անց Տէրը վերստին շնորհ է պարգեւել այցելելու Աւստրալիա եւ Քրիստոսահիմն ու լուսաւորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնութիւնն ու լոյսը բերելու նրանց, սէրն ու քաջալերանքը հայրենաբնակ եղբայրների ու քոյրերի:

«Դարերի ընթացքում դժուարութիւններ ու փորձութիւններ է դիմագրաւել մեր ժողովուրդը, ցեղասպանութեան հետեւանքով ցրուել աշխարհով մէկ, բայց ամէնուր, առաքեալի պատուէրի համաձայն, պահպանել է հաւատարմութիւնը առ Աստուած, համբերել նեղութիւնների եւ գովարժան գործերով բարձրացրել իր կեանքը: Ինչպէս որ աշխարհասփիւռ հայ համայնքներում, այստեղ՝ Աւստրալիայում նոյնպէս հայ համայնքի պատմութիւնը եղել է փորձութիւնների յաղթահարում, նոր յաջողութիւնների կերտում, Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հաւատարմութեան գովելի վկայութիւն: Դուք այստեղ համախմբուել էք աշխարհի տարբեր հայ համայնքերից եւ բերելով ու պահպանելով ձեր աւանդոյթները, դրանց գեղեցիկ բազմազանութեամբ հարստացրել ու բարեզարդել էք Սիդնեյի համայնքը: Անցեալ դարի կէսերից այստեղ ծուխի հաստատումը եւ Սուրբ Յարութիւն եկեղեցու հիմնումն ու նրա շուրջ համախմբումը առաւել աշխուժացրեց ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կեանքը Սիդնեյի հայ համայնքի: Ծխական կեանքի առաջընթացին մեծապէս նպաստեցին հայալեզու դպրոցների բացումը, տիկնաց եւ երիտասարդաց միութիւնների, տարէցների խնամքի կազմակերպութեան հաստատումը, ազգային, բարեսիրական եւ մշակութային բոլոր այն կառոյցները, որ հիմնադրուել եւ գործում են ձեր ջանքերով:

Այսօր դուք նոյն նախանձախնդիր ոգով զօրացնում էք ազգային-եկեղեցական ձեր կեանքը, շէն ու բարօր պահում ձեր եկեղեցին, ազգային, մշակութային հաստատութիւնները: Բարեպաշտ ձեր ընթացքը դուք զարդարում էք եկեղեցանուէր գործերով, մանուկ սերնդի հոգատար դաստիարակութեամբ՝ ջանալով ձեր զաւակների հոգում սերմանել հաւատքն առ Աստուած եւ սէրը առ ազգն ու հայրենին, որպէսզի նրանք էլ՝ արմատաւորուած Քրիստոսին, ընդունեն Աստծոյ շնորհները եւ շարունակեն մեր ժողովրդի` Քրիստոսին հաւատարիմ ազգային իրենց կեանքը: Ձեր ջանքերի բարի արդիւնքները բերկրութեամբ են լցնում համայնքի իւրաքանչիւր անդամի հոգին, ինչպէս նաեւ Հայրապետիս սիրտը», - ասաց Նորին Սրբութիւն Գարեգին Բ Կաթողիկոսը:

Վեհափառն ընդգծեց, որ թեմական ու ծխական կեանքի աշխուժութիւնը, հոգեւոր-եկեղեցական անդաստանի բարեզարդութիւնը Աստծուց օրհնեալ պտուղներն են աւստրալաբնակ հայորդիների աստուածասիրութեան, ազգասիրութեան ու հայրենանուիրումի: Նորին Սրբութիւնը գնահատանքով անդրադարձաւ հայրենիքի հանդէպ հայ համայնքի կողմից մշտապէս դրսեւորուող սիրուն եւ զօրակցութեանը` հաստատելով , որ զօրեղ սփիւռքը նաեւ ուժ եւ զօրութիւն է հայրենիքին, ինչպէս հայրենիքը ուժ եւ զօրութիւն է սփիւռքի համար, երաշխաւորը սփիւռքի գոյատեւման եւ պայծառութեան:

Հայոց Հովուապետը քաջալերեց հայորդիներին հանապազ ընթանալ Քրիստոսով, մեր հայրերի աւանդներով, հայրենեաց ջերմ սիրով: «Սիրելիներ, ձեր հոգեւոր միասնականութեան մէջ է, որ արթուն կը մնայ ձեր եւ ձեր զաւակների աստուածասէր, ազգանուէր ու եկեղեցասէր ոգին, քանզի այդ միասնականութեամբ են ձեր հայրերը դիմակայել բոլոր փորձութիւններին, յաղթահարել բոլոր դժուարութիւնները, այդ միաբանութեամբ եւ դուք պիտի զօրացեալ պահէք ազգային կեանքը Սիդնեյ քաղաքում եւ արդիւնաւորէք ձեր սէրը առ հայրենին եւ սէրը դէպի մեր Սուրբ Եկեղեցին եւ նրա Աստուածակառոյց հոգեւոր սուրբ կենտրոն Սուրբ Էջմիածինը», - յաւելեց Հայոց Հայրապետը` նշելով, որ հայրենիքից հեռու՝ բազում մարտահրաւէրներ կան նրանց կեանքում, դժուարութիւններ յատկապէս նոր սերնդին ազգային ոգով ու նկարագրով կրթելու, եկեղեցական կեանքում ներգրաւուած պահելու գործում: Նորին Սրբութիւնը հաստատեց, որ տարակոյս չունի, որ առկայ բոլոր խնդիրներով հանդերձ հայորդիները պիտի շարունակեն մեր ժողովրդին յատուկ քաջութեամբ ու տոկունութեամբ պահպանել հոգեւոր ու ազգային արժէքները, հաստատուն ու անխաթար պահել իրենց բարեպաշտ կեանքը:

Իր գնահատանքը բերելով ամէնքին ազգային-համայնքային ու եկեղեցական կեանքում իրենց նուիրեալ ծառայութեան ու հոգատար ջանքերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Տէրը բարօրութեան մէջ պահի Աւստրալիան եւ նրա բարեպաշտ ժողովրդին, Իր շնորհներով օրհնի համայն մեր ժողովրդին իր խաղաղ ու պայծառ գալիքը կերտելու եւ հաւատքով ամուր միշտ փառաւորելու Երկնաւորին:

Պատգամի աւարտին, Հայրապետական մաղթերգի երգեցողութիւնից յետոյ հաւատաւոր հայորդիները հնարաւորութիւն ունեցան մօտենալու Նորին Սրբութեանը եւ համբուրելու նրա Սուրբ Աջը եւ ստանալու  նուէր խաչիկներ:

Այնուհետեւ Սուրբ Յարութիւն եկեղեցու սրահում տեղի ունեցաւ հանդիպում ժողովրդի հետ: