image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորեց Մայր Աթոռի պաշտօնէութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորեց Մայր Աթոռի պաշտօնէութիւնը

Յունուարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառոյցներում պաշտօնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Միասնական աղօթքից յետոյ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը ներկաների անունից շնորհաւորեց Նորին Սրբութեանը բերկրաշատ տօների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտօնէութիւնը՝ իբրեւ մէկ ընտանիք, համախբուած Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ, նոր տարում շարունակելու է իր գործուն նպաստն ու ներդրումը բերել Ս. Էջմիածնի առաքելութեան իրականացման սրբազան գործում:

Պաշտօնէութեան անունից Վեհափառ Հայրապետին շնորհաւորական խօսք ուղղեց նաեւ Մայր Աթոռի երիցագոյն աշխատակիցներից տիար Նորայր Խաչատրեանը: Վերջինս ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետի 20-ամեայ գահակալութեան տարիներին հետեւողական կերպով իրագործուել են բազմաթիւ ծրագրեր քարոզչական, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինութեան ոլորտներում: Պրն. Խաչատրեանը Նորին Սրբութեանը բարեմաղթեց ուժ, եռանդ եւ հաստատակամութիւն ազգի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման համար:

Այնուհետեւ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ներկաներին շնորհաւորեց եւ իր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբութիւնը, իր ուրախութիւնը յայտնելով աւանդական դարձած հանդիպման կապակցութեամբ, իր շնորհակալութիւնն ու գնահատանքը յայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին նուիրեալ ծառայութեան համար, որի շնորհիւ արդիւնաւորւում է Ս. Էջմիածնի առաքելութիւնը, պայծառանում Հայ Եկեղեցու հոգեւոր կենտրոնը:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց տարուայ ընթացքում նախանշուող կարեւոր ծրագրերին: Մասնաւորապէս, 2019 թուականը Ընտանիքի տարի հռչակելու առիթով Մայր Աթոռի կողմից կ'անցկացուեն հասարակութեան մէջ ընտանիքի արժեւորման, ընտանեկան արժէքների եւ ամրութեան բարձրացմանն ուղղուած միջոցառումներ: Նորին Սրբութիւնը տեղեկացրեց ընթացիկ տարում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, Մայր Տաճարի ու Վեհարանի հիմնանորոգութեան աշխատանքների եւ եկեղեցական նոր ծրագրերի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջութիւն, երջանկութիւն ու յաջողութիւններ իրենց կեանքում: