image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բուժումէն վերադարձած զինուորականները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  բուժումէն վերադարձած զինուորականները

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայրենիքի պաշտպանութեան համար ռազմական գործողութիւնների ժամանակ հաշմանդամութիւն ստացած երեք զինուորականների, որոնք օրերս վերադարձել են Հնդկաստանից` աւարտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարէթ հայկական եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ` վերջոյթների պրոթեզաւորման հետ առնչուած բուժումը:

Երկու տարի առաջ մեկնարկած այս ծրագրի շրջանակներում սա Հնդկաստանում բուժում ստացած զինուորականների չորրորդ խումբն է:

Հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց զինուորականների բուժման ընթացքի վերաբերեալ: Իրենց հերթին Զինուորականները խորին շնորհակալութիւն յայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց բուժումը Հնդկաստանում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ իրենց առաւել ուժ եւ զօրութիւն է հաղորդում այն իրողութիւնը, որ Հայոց Եկեղեցին մշտապէս հայ զինուորականի կողքին է իր օրհնութեամբ եւ աջակցութեամբ: Նրանք մասնաւոր գոհունակութեամբ փաստեցին նաեւ բուժման ընթացքում Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում եկեղեցական վարչութեան, տեսչութեան եւ աշակերտութեան կողմից իրենց նկատմամբ դրսեւորուած հիւրընկալութեան եւ ընտանեկան ջերմ մթնոլորտի մասին:

Այնուհետեւ հայրենեաց պաշտպաններին իր օրհնութիւնը բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ Կաթողիկոսը` հետաքրքրուելով նրանց առողջական վիճակով, բուժման արդիւնաւէտութեամբ եւ Հնդկաստանում կեցութեան պայմաններով: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ արձանագրեց, որ հայ զինուորականներն այս ծրագրի արդիւնքում կարողանում են վերագտնել իրենց յոյսի եւ լաւատեսութեան ոգին ու շարունակել իրենց ծառայութիւնը հայրենիքին: 

Նորին Սրբութիւնը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը շարունակելու է այս ծրագիրը` իր օգտակարութիւնը բերելով մարտական գործողութիւններում վիրաւորում ստացած զինուորներին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքի խօսքն ուղղեց Վրթանես եպիսկոպոսին, ինչպէս նաեւ հանդիպմանը ներկայ Հնդկահայոց հոգեւոր հովիւ, ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսէս վարդապետ Սարգսեանին, Կալկաթայի Սուրբ Նազարէթ հայկական եկեղեցու վարչութեան փոխատենապետեր Սունիլ Սոբթիին եւ Սյուզան Ռուբենին:

Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց զինուորականներին` հայցելով Ամենակալ Տիրոջ հովանին հայրենիքի խաղաղութեան եւ հայոց զինուորների անվտանգ ծառայութեան համար: