image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահը

Նոյեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանին:

Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց Միութեանը Հայաստանում եւ Սփիւռքի համայնքներում իրականացուող հայրենաշեն ու ազգօգուտ ծրագրերի, ինչպէս նաեւ Հայ Եկեղեցու գործունէութեանը մշտապէս աջակցելու համար: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցու առաքելութիւնն ուղղուած է hայրենիքում եւ Սփիւռքում հայ ժողովրդի հոգեւոր կեանքի զօրացմանը, մեր ժողովրդի  միասնութեան ու համերաշխութեան ամրապնդմանը, ազգային-հոգեւոր արժեհամակարգի անաղարտ պահպանմանը:

Տիար Պերճ Սեդրակեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց անցած մի քանի ամսուայ ընթացքում Հայաստանում եւ Սփիւռքի համայնքներում ՀԲԸՄ կողմից իրականացուած նախաձեռնութիւնների մասին տեղեկութիւններ, ինչպէս նաեւ որոշ ընդհանուր նկատառումներ` համայնքային կեանքի արդիւնաշատ կազմակերպման  վերաբերեալ։ ՀԲԸՄ նախագահն հաստատեց, որ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը մշտապէս շարունակելու է զօրակցել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունէութեանը եւ ազգանպաստ ծրագրերին, ինչպէս նաեւ Սփիւռքի ազգային ինքնութեան եւ հայապահպանութեան ուղղուած ջանքերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Հայ Եկեղեցու պատմական անցեալին եւ ներկայ իրավիճակին, մեծապէս կարեւորուեց եկեղեցու դերակատարութիւնը հայ ժողովրդի ապագայի կերտման գործում:

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխութիւններին եւ զարգացումներին: