Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցաւն է արտայայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինուորական մարդատարի ողբերգական վթարի կապակցութեամբ։
Նորին Սրբութիւնն աղօթում է զոհուած չորս քաջարի զինուորականների հոգու հանգստութեան համար, խորապէս ցաւակցում նրանց ընտանիքներին եւ հարազատներին:
Վեհափառ Հայրապետը շուտափոյթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրաւոր զինուորներին:
Հայոց Հայրապետի օրհնութեամբ ՀՀ Զինուած ուժերի հոգեւոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրէնը եւ թեմակալ առաջնորդները ամենայն աջակցութիւն են բերել եւ մխիթարութիւն են բաշխել զոհուած զինուորների հարազատներին: Նրանք այցելելու եւ գօտեպնդելու են վիրաւորուած զինուորներին:
Առաջիկայ կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կմատուցուի հոգեհանգստեան պաշտօն ի հանգիստ հոգուոց զոհուած հայրենեաց պաշտպան զինուորների: