image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ՀՀ Արտաքին գործերու նախարարը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց  ՀՀ Արտաքին գործերու նախարարը

13 յունիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանին:

 

Նորին Սրբութիւնը նշանակման առիթով շնորհաւորեց նախարարին եւ մաղթեց Սուրբ Հոգու առաջնորդութիւնը, որպէսզի նա կարողանայ աշխարհի ներկայ բարդ եւ դժուարին ժամանակներում հայրենիքի շահերը լաւագոյնս պաշտպանել եւ երկրի համար դրական արդիւնքներ արձանագրել:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Հայոց Եկեղեցին մշտապէս քայլել է ազգի հետ, առաջնորդել նրան եւ պատմութեան ընթացքում զօրավիգ է եղել հայրենի պետութեանը, իսկ պետականութեան բացակայութեան պայմաններում հայորդիների մէջ վառ է պահել անկախ պետականութիւնը վերականգնելու նախանձախնդրութիւնը:

 

Վեհափառ Հայրապետն արձանագրեց նաեւ, որ պետականութիւնն է ազգի յարատեւութեան երաշխաւորը եւ Հայոց Եկեղեցին, հաւատարիմ հայրերի այս պատգամին, պիտի շարունակ նեցուկ լինի հայրենի պետութեանը, որպէսզի այն լինի բարուոք եւ զօրաւոր:

 

Պրն. Զոհրաբ Մնացականեանը, շնորհակալութիւն յայտնելով Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքների եւ աղօթքների համար, ընդգծեց, որ արտաքին գործերի նախարարի պաշտօնը մեծ պատասխանատուութիւն եւ պարտաւորութիւն է ենթադրում:

 

Վերջինս անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելութեանը եւ ազգային միասնականութեան ամրապնդման գործում կարեւոր դերակատարութեանը` քրիստոնէական հաւատը նկատելով ազգային ինքնութեան պահպանման սիւներից մէկը:

 

Զրոյցի ընթացքում խօսուեց տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպէս նաեւ հայրենիքի առջեւ ծառացած զանազան մարտահրաւէրների մասին:

 

Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: