image

Պուլկարիայի Հանրապետութեան նախագահը այցելած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Պուլկարիայի Հանրապետութեան նախագահը այցելած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Փետրուարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայի Հանրապետութեան նախագահ Ռումեն Ռադեւին տիկնոջ` Դէսիսլաւայ Ռադեւայի հետ՝ ուղեկցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի:

Նորին Սրբութիւնը, ողջունելով Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, գոհունակութեամբ հաստատեց, որ այն նոր խթան պիտի դառնայ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցութեան ընդլայնման համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ դեռեւս միջնադարից եկող հայ-բուլղարական պատմական սերտ կապերն ամուր հիմք են միջպետական գործակցութեան յետագայ զարգացման համար: Դրանում Վեհափառ Հայրապետը մեծապէս կարեւորեց Բուլղարիայի հայ համայնքի դերակատարութիւնը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքը փոխանցեց Բուլղարիայի իշխանութիւններին հայ համայնքի եւ Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերուող հոգածու վերաբերմունքի համար, ինչը հնարաւորութիւն է տալիս Բուլղարիայի հողում հաստատուած պատմական համայնքին ազատօրէն ապրելու հոգեւոր-ազգային կեանքով եւ անքակտելի մասը կազմելու բուլղար հասարակութեան: Նորին Սրբութիւնը նշեց, որ անձամբ ականատեսն է եղել այդ իրողութեան Բուլղարիայ կատարած հովուապետական այցի ընթացքում:

Իր հերթին նախագահ Ռադեւը, շնորհակալութիւն յայտնելով Գարեգին Բ Կաթողիկոսին ընդունելութեան եւ քրիստոնէական հնագոյն սրբավայր այցելելու հնարաւորութեան համար, անդրադարձաւ Հայաստան այցի արդիւնքներին եւ իր տպաւորութիւններին: Բուլղարիայի նախագահը նշեց, որ այցը լաւ հեռանկարներ է բացում հայ-բուլղարական յարաբերութիւնների ընդլայնման համար:

Պրն. Ռումեն Ռադեւն անդրադարձ կատարեց նաեւ երկու ժողովուրդների պատմութեան ընդհանրութիւններին` կարեւորելով Եկեղեցու դերակատարութիւնը ազգային ինքնութեան ձեւաւորման, կրթութեան ու մշակոյթի զարգացման գործում: Խօսելով Բուլղարիայում հայկական համայնքի մասին՝ նախագահն ընդգծեց, որ այն իր ուրոյն դիմագիծն ունի, ամբողջապէս ինտեգրուել է հասարակական կեանքին, եւ որ հայերը գտնւում են մշակոյթի եւ այլ ոլորտների առաջատար դիրքերում:

Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Հայաստանեայց Առաքելական եւ Բուլղար Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկայ ջերմ յարաբերութիւնների մասին: Այս կապակցութեամբ Հայոց Եկեղեցու Հովուապետն եղբայրական իր ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Եկեղեցու պետին` Նորին Սրբութիւն Նէոֆիտ Պատրիարքին: Վեհափառ Հայրապետը նաեւ հաւաստիացրեց, որ ինչպէս անցեալում, այնպէս եւ այսուհետեւ երկու Եկեղեցիներն ամենայն ջանադրութեամբ նպաստելու են հայ եւ բուլղար ժողովուրդների բարեկամութեան ամրապնդմանը:

 


Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւին մաղթեց արգասաբեր ծառայութիւն` ի պայծառութիւն Բուլղարիայի եւ ի բարօրութիւն նրա բարեսէր ժողովրդի: Նորին Սրբութիւնը նաեւ Բարձրեալի Ամենախնամ Աջի հովանին հայցեց Բուլղարիայի ժողովրդին եւ նրա առաջընթաց կեանքին:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսեանը, Բուլղարիայի Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Սարգսեանը եւ ՀՀ-ում բուլղարիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մարիայ Պաւլովայ Ցոցորկովայ-Կայմակչիեւան:

Բուլղարիայի Հանրապետութեան նախագահի գլխաւորած պատուիրակութիւնն այցելեց նաեւ Մայր Տաճար, ծանօթացաւ Աւանդատուն-թանգարանում ցուցադրուող Հայ Եկեղեցու սրբութիւններին եւ եկեղեցական մշակոյթի արժէքներին: