image
Հրատապ լուրեր:

Տիգրան Մանսուրյանը ստեղծագործություն է գրել ապրիլի 24-ի համերգի համար. Համահայկական նվագախումբը համախմբել է հայ երաժիշտներին

Տիգրան Մանսուրյանը  ստեղծագործություն է գրել ապրիլի 24-ի համերգի համար. Համահայկական նվագախումբը համախմբել է հայ երաժիշտներին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ՝ Համահայկական սիմֆոնիկ նվագախումբն արդեն  կատարել է իր առաջին փորձը: Նվագախմբի կազմում ընդգրկված են շուրջ 20 երկրների 7 տասնյակ հայ երաժիշտներ, ովքեր ապրիլի 24-ին կայանալիք համերգին հանդես կգան Խաչատրյանի, Սպենդիարյանի, Օրբելյանի, Կոմիտասի ստեղծագործություններով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով  Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառման ժամանակ կհնչի նաեւ հատուկ այս համերգի համար գրված կոմպոզիտոր Տ. Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը: Նավագախումբը հանդես կգա էդուարդ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի, Կոնստատին Օրբելյանի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

 


 

Հատկանշական է, որ երաժիշտների մի մասը առաջին անգամ է ելույթ ունենալու հայրենիքում, ինչպես օրինակ՝ Թամար Էսկենյանը, որ Շվեյցարիայից է ժամանել Հայաստան:

«Ես ելույթներ եմ ունեցել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում. եղել եմ Գերմանիայում, Ֆրանսիայում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արեւելքի  երկրներում, բայց առաջին անգամն է, որ հանդես եմ գալու հայրենիքում, այն էլ՝ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած հայ երաժիշտների հետ: Այդ առումով այս  համերգն ինձ համար չափազանց հուզիչ ու պատասխանատու է»,- «Արեւելքին» հայտնեց  Թ. Էսկենյանը:

Առաջին անգամ հայրենիքում ելույթ կունենա նաեւ Դամասկոսից ժամանած Սիրիայի սիմֆոնիկ նվագախմբի անդամ, ջութակահարուհի Ծովակ Պաղպուտարյանը:

«Մեր նվագախմբի ղեկավարը, նախօրոք տեղյակ լինելով այս նախագծի մասին, իմ անունից հայտ էր ուղարկել, որից հետո նամակ ստացա, որ ընդունվել եմ: Շատ զարմանալի ու հաճելի էր ինձ համար»,- ասաց ջութակահարուհին:

Նշենք, որ Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման նախաձեռնությունը  ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն է. նախարարը երեկ հանդիպել եւ ողջունել է նվագախմբի անդամներին:

 

Տաթեւիկ Մուրադյան