image

Հայաստանի սիրիահայերը զատկական հրաշալի ուտելիքներ ու զարդարանքներ են պատրաստել. լուսանկարներ

Հայաստանի սիրիահայերը զատկական  հրաշալի  ուտելիքներ ու զարդարանքներ են պատրաստել. լուսանկարներ

ՀՀ Սփյուռքի նախարարության բարձր հովանու ներքո եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» խորագրով հերթական բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն այս անգամ անց է կացվում «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիրում (Արշակունյաց պողոտա): Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվել է Սուրբ Հարության տոնի առթիվ, որին մասնակցում են շուրջ 50 սիրիահայեր: Այսօր ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որ, նախորդ անգամների նման այսօր նույնպես  գնումներ կատարեց Զատիկի սեղանի համար:

Այս անգամ մեծամասամբ ցուցադրված էին Սուրբ Հարության համար նախատեսված բազմապիսի համեղ ուտեստներ, ձեռային աշխատանքներ, զարդարանքներ, ինքնատիպ նվերներ: 

«Մենք հիմնականում պատրաստել ենք Զատիկի սեղանի համար անհրաժեշտ ուտեստներ, քաղցրավենիքներ: Զատիկի ամենահայտնի քաղցրավենիքը քահքեն է, որ երեք տեսակ ունի, պատրաստում ենք նաեւ չորեկ, ընկույզով եւ արմավով կարկանդակ: Բոլոր սիրիահայերի Զատիկի սեղանին այս անուշեղենները պարտադիր են: Այն պատրաստվում է տոնից երկու-երեք օր առաջ»,- ասում է Յոլանդ Ռշտունին:

 


 


 


 

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ ձեռագործ աշխատանքներ, արծաթյա զարդեր, ինչպես նաեւ՝ բնական քարերից պատրաստված զարդեր:

Նշենք, որ ցուցահանդեսը նշված վայրում կգործի նաեւ վաղը:

 

 


 

Տաթեւիկ Մուրադյան