
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որը հիմնադրվել է 1939թ., բազում հայտնի և մեծանուն սաներ է կրթել: Այստեղ ուսանել են անվանի երաժիշտներ Վահրամ Սարաջևը, Տիգրան Համասյանը, Սերգեյ Սմբատյանը և այլ հայտնիներ, ովքեր մեր ազգի հպարտությունն են: Կրթօջախը այսօր էլ շարունակում է իր ազգանվեր գործունեությունը և կրթում է այդօրինակ հանճարեղ երաժիշտներ:
Չայկովսկու անվան ՄԵՄԴ-ում սովորում նաև արդեն փոքր տարիքում հայտնի տաղանդավոր ջութակահարուհի Դիանա Ադամյանը: Դիանային այդքան փոքր տարիքում հաջողվել է մեծ բեմերում հանդես գալ, սիրվել ու հանրաճանաչ դառնալ` բնատուր տաղանդի շնորհիվ: Ինչպես նշում է ջութակահարուհին, երաժշտության հանդեպ սերը դեռ մանկուց իր մեջ սերմանել են ջութակահար ծնողները:
«Ջութակահար ծնողներս հյուրախաղերից ինձ համար վարդագույն ջութակ էին բերել, և այն դարձել էր իմ ամենասիրելի խաղալիքը: Հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց»,- մանկության դրվագները անթաքույց ժպիտով վերհիշելով` պատմում է Դիանան:
Վերջինս իր առաջին քայլերն արել է 2007թ.-ին: Իսկ առաջին լուրջ հաջողությունը համարում է 2012թ.-ին Մոսկվայում կայացած «Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթ-փառատոնին մասնակցությունը, որի ժամանակ արժանացել է 2-րդ կարգի մրցանակի և «Արծաթե Շչելկունչիկի»: Ջութակահարուհու համար նշանակալից ու շրջադարձային էր 2013թ.-ը, երբ ծանոթացավ հանրահռչակ ջութակահար, կրկնակի Գրեմմիի մրցանակակիր, գերաստղ համարվող Պինկաս Ցուկերմանի հետ, որը Դիանային ունկնդրելուց հետո նրան հրավիրեց Օտտավա՝ իրիսկ հիմնած դպրոցում մասնակցելու ամենամյա ամառային դասընթացներին: Իսկ արդեն 2014-ին փոքրիկ հայուհին Պինկաս Ցուկերմանի և Իցհակ Պերլմանի հետ մասնակցեց NAC Gala համերգին:
Ջութակահարուհին 2015թ-ը. նույնպես կարևորագույն ձեռքբերումների տարի է համարում, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երևանյան հեռանկարներ» փառատոնի լոնդոնյան համերգին Պինկաս Ցուկերմանի և Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթ ունեցավ:
«Ինձ համար շատ մեծ պատիվ էր նվագել իմ մանկության ամենամեծ ֆավորիտներից մեկի հետ: Այդ պահին իմ զգացողություններն աննկարագրելի էին»,-ասում է ջութակահարուհին:
Ջութակահարուհին արժանացել է նաև «Վերածնունդ» միջազգային մրցույթի 1-ին մրցանակին (2010թ.), Հր. Բոգդանյանի անվ. ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնին 1-ին մրցանակին (2014թ.), Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի 2-րդ մրցանակին (2015թ.):
Տաթեւիկ Մուրադյան























