
«Նրանք թաղեցին մեզ,
բայց նրանք չգիտեին, որ մենք սերմեր ենք»։
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ.
եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի,
միայն հատիկն ինքը կմնա,
իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա»։
Հովհաննես 12.24
Ապրիլի 4-ին աշխարհի տարբեր ծագերում ապրող քրիստոնյաներ նշում են Հիսուսի հրաշափառ Հարությունը: Սա մահվանը հաղթելու և հավիտենական կյանքի հույս ներշնչող տոն է։
Հետպատերազմյան այս շրջանում հայ ժողովուրդը կարիք ունի պարտությունը ապագա հաղթանակների վերափոխելու հույսի։
Սակայն ո՛չ անձնական, և ոչ էլ հավաքական կյանքում հաղթանակները հեշտությամբ ձեռք չեն բերվում:
Հիսուսի Հարությունը պայմանավորված էր խաչի վրա Իր մահվամբ։ Մինչ այդ Նա զոհաբերել էր Իր երկնային փառքը և երկրային հանգիստ կյանքը:
Մեր հայրենիքն իր գոյությամբ պարտական է դարերի ընթացքում հարյուր հազարավոր զինվորների և ազատամարտիկների անձնազոհությանը։
Երեխաները լավ կրթություն ու դաստիարակություն են ստանում, որովհետև ծնողները պատրաստակամ են հրաժարվել իրենց հաճույքից ու հանգստից:
Բիզնեսը հաջողվում է դրա ղեկավարության և աշխատողների ծանր աշխատանքի ու ջանքերի շնորհիվ:
Նույնկերպ էլ ուսանողը գերազանց է ավարտում իր հանգստի, հաճույքի և քնի զոհաբերության արդյունքում։
Այսօր զոհաբերում ենք, որպեսզի ապագայում հնձենք։
Սրա հակառակն էլ կա։ Ոչ անհրաժեշտ նպատակների համար պարտք ենք վերցնում, ուրիշների վստահությունն ենք չարաշահում, առողջ ապրելակերպի կանոններն ենք խախտում: Հետևանքը՝ մենք և մեր երեխաները այդ պարտքերը տոկոսներով ենք մարում մեր կորցրած բարեկեցության, խաթարված հարաբերությունների և հիվանդությունների տեսքով:
Զոհողության գերագույն օրինակը Աստվածաշնչում է։ Աստված իր Որդուն զոհաբերեց, որպեսզի Իր հանդեպ հավատքի շնորհիվ մեզ փրկի և ընդունի իր ընտանիքի մեջ։ Մեր մեղքի պարտքը Նա մարեց:
Եվ մեր՝ փրկության արգասիքն է ձերբազատումն այն ամենից, ինչը հակառակ է Աստծո կամքին և վնասակար:
Այդպես էլ մեր հայրենիքի բարգավաճումը պայմանավորված է յուրաքանչյուրիս՝ վասն հայրենյաց զոհաբերության պատրաստակամությամբ:
Հարգելի՛ ընթերցող, Աստծո կողմից կյանքի գնով մեզ համար ապահովված փառքի հույսը, «որի մեջ կանգնած ենք և պարծենում ենք... չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ...» (Հռոմ. 5. 2,5), և այսօրվա նեղությունները մեր կյանքի բոլոր ասպարեզներում արդարության հասնելու համար են:
Հարութ Ներսեսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ























