image

«Մեր մաղթանքն է, որ հայրենիքը սիրենք բոլորից և ամեն ինչից առավել».Տ. Գեւորգ եպս. Սարոյան

«Մեր մաղթանքն է, որ հայրենիքը սիրենք բոլորից և ամեն ինչից առավել».Տ. Գեւորգ եպս. Սարոյան

Արարատի Մարզի Հոգեվոր Տեսուչ Տ. Գեվորգ եպս. Սարոյանի օրհնության  խօսքը  Ամանորի  եվ Սուրբ Ծննդյան Տոնի առիթով

 

Սիրելի հայորդիներ, սիրելի քույրեր և եղբայրներ,

Մեր ժողովուրդն իր պատմության դժվարին ժամանակներից մեկն է ապրում այս օրերին՝ մխիթարության ու սփոփանքի, հույսի և լավատեսության ձգտումով ու ակնկալիքով: Հայոց Արցախ աշխարհի դեմ սեպտեմբեր 27-ին սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի հետևանքներն իրենց անդառնալի կորուստներով հանդերձ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեզ ազգովի։

 

Ցավի և վշտի թարմությամբ է դեռևս պարուրված հայրենի օդը,  և կորուստի դառը հիշողությունն է թևածում մեր գլխավերևում։

 

Այս դժվար կացության առջև հայոց երկնակամարում ծագող սուրբծննդյան բեթհեղեմյան աստղը, սակայն, լավատեսությամբ է լցնում մեր սրտերն ապագայի հանդեպ, թույլ չտալով մեզ մոլորվելու խավարի խորխորատում, կուլ գնալու անհուսության որոգայթին։ Իրապես, հայ հոգին միշտ էլ ճշմարիտ մխիթարությունը գտել է Աստծուն հավատալու և Նրա հետ մշտական երկխոսության մեջ հարատևելու ճանապարհին։

 

Ամանորի ու Սուրբ Ծննդյան խորհուրդը նաև առիթ է վերարժևորելու մեր ընթացքը, հասկանալու, թե մեր ուղիները որքանով են նպաստում համազգային մեր նպատակների իրագործմանը, վերջապես արդյո՞ք մեր եսը մաս է կազմում բանաստեղծի ասած մեծ մենքին։

 

Մեր մաղթանքն է, որ հայրենիքը սիրենք բոլորից և ամեն ինչից առավել։ Ահավասիկ սա է այն գերագույն արժեքը, որ թույլ կտա մեզ վեր կանգնելու եսասիրական ձգտումներից և անձնական հաշվարկներից՝ համախմբվելով համազգային մեծ նպատակների շուրջ։

 

Մեր ապրումակցումն ու զորակցությունն ենք հայտնում նաև արցախյան նահատակների, անհայտ կորածների և տակավին գերության մեջ գտնվողների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունն ու Տիրոջ օգնականությունը նրանց հարազատներին։

 

Թող նոր տարին մեր ժողովրդի պատմության մեջ արձանագրվի որպես համազգային միասնության տարի՝ հաղթանակներով պսակելով հայի հավերժական ընթացքը այժմ և հավիտյանս։

 

Տիրոջ սերը, խաղաղությունն ու Սուրբ Հոգու մխիթարությունը լինեն ամենքիդ հետ, ամեն։