image

Արցախի նախագահն ընդունել է ռուսական խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին

Արցախի նախագահն ընդունել է ռուսական խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, տեղեկանում ենք Արցախից: 

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել խաղաղապահ զորախմբի պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ:



Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի դադարից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով  գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նշանակվել է  շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար:
Ռուստամ Մուրադովը ծնվել է 1973թ․ մարտի 21-ին` Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, ազգությամբ թաբասարան է:  Ստացել է զինվորականի պրոֆեսիոնալ կրթություն, ունի ռազմական հարուստ կենսագրություն: 
 
 
Նա մասնակցել է չեչենական երկու պատերազմներին, պարգևատրվել է  Արիության մեդալներով: Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 
 
2016 թվականին Ռուստամ Մուրադովը դարձել է Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչը։ 2016 թվականի մարտին Դոնբասի Յասինովատայա քաղաքի մոտակայքում այդ ժամանակ գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովը 20 րոպե անընդհատ հայտնվել է նռնականետերի, զենիթային համակարգերի և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակի տակ և միայն հրաշքով է ողջ մնացել։
2017 թվականին Ռուստամ Մուրադովը ռազմական խորհրդատուի կարգավիճակով գործուղվել է Սիրիա,  որտեղ եղել է Դեր Զորում ռուսական զորքերի ղեկավարը:  Սիրիայում ծառայության համար էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թվականին Ռուստամ Մուրադովին շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում: