image

Հայ համաճարակագետը՝ կորոնավիրուսի մասին

Հայ համաճարակագետը՝ կորոնավիրուսի մասին

Հայ համաճարակագետ, թոքային հիվանդությունների մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Նաթալի Թերզիխանի հետ կորոնավիրուսի մասին  հարցազրույց  է ունեցել  Հալեպի «Գանձասար» պարբերականը: Նաթալի Թերզիխանն  ավարտել է Հալեպի Ազգ. Հայկազեան վարժարանը, ապա հաճախել  Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան կենտրոնական վարժարան:

Ընտանիքի հետ գաղթել է Հոլանդիա, որտեղ ստացել է բարձրագույն կրթություն: 2011-ին Նաթալի Թերզիխանը հոլանդական Wageningen համալսարանում սննդառության և առողջապահության մասնագիտության մագիստրոսի աստիճան է ստացել:  Մասնակցել է բազմաթիվ ուսումնասիրությունների։ 2019-ին Բելգիայի Գենտ և Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքների Էրազմուզ համալսարաններից կրկնակի դոկտորական աստիճան  է ստացել՝ համաճարակագիտության և թոքային հիվանդությունների ժառանգականության գծով։ Այժմ իբրև  գիտաշխատող  աշխատում է Էրազմուզի բժշկական կենտրոնի համաճարակագիտության բաժնում՝ ստանալու ետդոկտորական աստիճանը:


 



-Շատերը կորոնավիրուսը համարում են մահացու, ոմանք էլ պնդում են, թե վախի կարիք չկա, ո՞ր մոտեցումն է ճիշտ։


-Գործնականում «Կովիդ-19»-ը մահացու հիվանդություն չի կարելի համարել: Մինչև այսօր վարակվածների 80%-ը կա՛մ թեթև գրիպի ախտանշաններ  է ունենում կա՛մ ընդհանրապես ոչ մի  բան չի զգում։ Նկատի ունենալով, որ սովորական գրիպի վիրուսից  տարեկան 70.000 մարդ է մահանում (մի թիվ, որին դեռ չի հասել կորոնավիրուսը), կարող ենք եզրակացնել, որ ցանկացած վիրուս մահացու կարող է լինել հիվանդ մարդկանց համար՝  պատճառելով բարդություններ և վտանգավոր բորբոքումներ, որոնց չի կարող դիմադրել մարմինը, եթե դիմադրողականությունը թույլ է։

 

-Ուրեմն ինչո՞ւ են շատերը կորոնավիրուսը մահացու համարում:  


-Ծայրահեղ դեպքերում,  երբ հիվանդը տարիքով մեծ է, կամ՝ դիմադրողականությունը՝ թույլ, կարող է  ունենալ թոքերի ծանր բորբոքում, ինչի հետևանքով կարող է տառապել թթվածնի պակասից։  Այս դեպքում կարիք կլինի հիվանդանոցում նրան թթվածին տալ։ Հիմնական հարցերից մեկն այն է, որ նախնական շրջանում, երբ կորոնավիրուսը նոր էր առաջացել, մասնագետները չգիտեին, թե ինչքանո՛վ է այն վտանգավոր  և ի՛նչ բարդություններ կարող է պատճառել, իսկ երկրորդը, որ պետք չէ բոլոր վարակվողներին հիվանդանոց ընդունել, որովհետև եթե շատ մեծ թվով վարակվողների միաժամանակ հիվանդանոց ընդունեն, առողջապահական համակարգը կարող է քայքայվել, չհասցնել պետք եղած օգնությունը տալ իսկապես վտանգի մեջ գտնվողներին, հետևաբար մահերի թիվը կարող է բարձրանալ։ Այսպես  պատահեց Իտալիայում,  ուր վարակը շատ արագ տարածվեց և  հանկարծ մեծ ճնշման տակ դրվեց երկրի առողջապահական համակարգը, այդ պատճառով էլ որոշվեց բոլոր տեղերը փակել՝ համաճարակը վերահսկողության տակ պահելու համար։

 

-Այս համաճարակին դիմագրավելու համար մի շարք երկրներ սկսեցին փակել դպրոցներն ու տարբեր հավաքական վայրեր, մինչդեռ որոշ երկրներ չեն դիմում այս քայլին. ի՞նչ տրամաբանության են հետևում վերջիններս:  


-Այս առումով երկու տարբեր մոտեցում կա:  Չինաստանում, օրինակ, հնարավոր եղավ հանրային հավաքատեղիները փակելով համաճարակի տարածումը սահմանափակել, սակայն մի շարք գիտնականներ  պնդում են, որ այսպիսի միջոցները չեն նպաստում վիրուսի ոչնչացմանը,  և այն պահին, երբ դռները բացվեն, համաճարակը կրկին   պիտի տարածվի։ Ուրիշ երկրներ հարմար գտան դպրոցները բաց պահելը, սակայն փակել այլ վայրեր, հնարավորինս աշխատել տնից, ինչպես նաև խուսափել հավաքներից ու այցելություններից։ Այս դեպքում հատկապես հնարավոր է հեռու պահել տարեցներին, որովհետև դպրոցները փակելու դեպքում ծնողները պետք է ստիպված իրենց երեխաներին թողնեն տատիկների և պապիկների մոտ: Դպրոցները բաց պահելու դեպքում վերջիններս  ավելի պաշտպանված կմնան: Անշուշտ տարիքով մարդկանց կողքին պետք է նկատի ունենալ նաև բոլոր նրանց, որոնք դիմադրողականության թուլությունից են տառապում,  այսինքն՝ նրանք, որոնք տանը որոշ հիվանդություններից և թուլություններից տառապողներ ունեն, դպրոցականներին պետք է հեռու պահեն նրանցից։ Այլ խոսքով՝ պետք է բաց պահել դպրոցները, խուսափել անտեղի պատճառներով տնից դուրս գալուց և հատկապես տարիքով  ու թույլ առողջությամբ մարդկանց այցելելուց: Ըստ նոր ուսումնասիրությունների, այս միջոցն ավելի ազդու է, որովհետև  բարձրացնում է հավաքական կամ սոցիալական (ընկերային) դիմադրողականությունը:

 

-Ի՞նչ է հավաքական դիմադրողականությունը:


-Հավաքական դիմադրողականության սկզբունքը նույն պատվաստի սկզբունքն է, երբ տվյալ հավաքականության 80%-ը որոշ հիվանդության  հանդեպ դիմադրողականություն է ձեռք բերում պատվաստի շնորհիվ: Այս դեպքում, նույնիսկ նրանք, որոնք  պատվաստված չեն,  եթե սկզբնական շրջանում հեռու մնան հիվանդությունից, ինքնաբերաբար չեն վարակվի, որովհետև վարակի տարածումը կկասեցվի, վիրուսը կոչնչանա և այլևս վտանգ չի համարվի։ Ըստ այդմ էլ վիրուսի սահմանափակ տարածումը վտանգավոր չէ, որովհետև, այս դեպքում էլ, եթե թույլերի 20%-ը վարակվի, հիվանդանոցներում  տեղ կգտնվի նրանց բուժելու և  թթվածնով ապահովելու համար:  Ահա այս է տեսությունը, սակայն  վերջնականապես վստահ չենք, թե ո՛ր մոտեցումն է ճիշտը։ Մի բան հաստատ է. եթե մարդիկ իրարից հեռավորություն պահեն, այցելությունները նվազեցնեն և շփումը նվազագույնի հասցնեն, վիրուսի տարածումը  կդանդաղի, հիվանդանոցների վրա ճնշումը  կթեթևանա և վիրուսը ողբերգական հետևանքներ չի ունենա:

 

-Սոցիալական ցանցերում  հաճախ ենք հանդիպում «դեղատոմսերի», որոնց համաձայն որոշ պտուղներ կամ ուտելիքներ կարող են բուժել կորոնավիրուսը:  Ինչքանո՞վ է ճիշտ:


-Այսօր փաստված չէ, թե ինչ-որ պտուղներ կարող են բուժել կորոնավիրուսը, սակայն առողջապահական սննդականոնը, որ հարուստ է թարմ պտուղներով ու կանաչեղենով, կարող է ուժեղացնել  դիմադրողականությունը, հատկապես այնպիսիները, որոնք  պարունակում են բարձր քանակությամբ C կենսանյութ, որ բոլորիս ծանոթ է իբրև դիմադրողականությունը ամրացնող  կենսանյութ։ Պետք է վստահ լինել, որ միրգը կամ կանաչեղենը ուտելուց առաջ լավ լվացված են, քանի որ  վիրուսը 12 ժամ կարող է մնալ մակերեսի վրա:

 

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։


-Նախ խորհուրդ կտամ խուճապի չմատնվել ու չվախենալ, որովհետև վախը մարմնի դիմադրողականությունը թուլացնում է:   Երկրորդ՝ խուսափել սոցիալական շփումներից ու այցելություններից, հատկապես՝ տարիքով մարդկանց և հիվանդություններ ունեցողներին ձեռքով չբարևել, չհամբուրել նրանց, նվազագույնը մեկ մետր հեռավորություն պահել մարդկանց միջև։ Միշտ փռշտալ անձեռոցիկի մեջ և անմիջապես թափել անձեռոցիկը: Անշուշտ ձեռքերը մաքուր պահելը շատ կարևոր է, պետք է օճառվելը  տևի 30 վայրկյան։

Վիրուսը կարող է տարածվել նաև մարդկային բնական կարիքների միջոցով, ուստի զուգարանի ջուրը քաշելու ժամանակ կափարիչը միշտ  պետք է  փակ պահել։


19 մարտ, 2020