image

«Խուճապի չմատնվել» Երեւանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու կոչը

«Խուճապի չմատնվել» Երեւանի  Հայ Կաթողիկէ   Եկեղեցու  կոչը

Երևանի Հայ Կաթողիկէ հույժ սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ,

 

Փորձության այս դժվարին օրերին մտահոգությամբ ենք հետևում համայն աշխարհում և մասնավորապես՝ մեր շատ սիրելի Հայաստանում Կորոնավիրուսի համավարակի տարածման ահագնացող վտանգին:

 

Մեր հորդորն է Երևանի մեր հավատացյալներին՝ խուճապի չմատնվել, միևնույն ժամանակ, պահպանել զգոնությունը և հետևել ՀՀ Կառավարության և Առողջապահության Նախարարության խորհուրդներին ու ձեռնարկել համավարակի տարածումը կանխարգելող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

 

Ի նկատի առնելով հանրապետությունում տիրող առողջապահական արտակարգ իրավիճակը, առավելագույն զգուշություն ցուցաբերելով և խուսափելով հանրային կուտակումներից՝ այս շրջանում Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ Եկեղեցուց Պատարագները, ժամերգությունները, ուրբաթօրյա Ճանապարհ Խաչին ու Վարդարանի աղոթքները ուղիղ եթերով կհեռարձակվեն Սրբոց Հրեշտակապետաց Հայ Կաթողիկէ Միացյալ Հոգևոր Ճեմարանի Facebook-յան էջից՝ “Holy Archangels Seminary”: Ուստի, կոչ ենք անում բոլորիդ ցուցաբերել հանրային բարձր պատասխանատվություն, մնալ տանը և միանալ մեր Facebook-յան էջին:

 

Ապավինելով Տիրոջ փրկչագործ Խաչի զորությանը՝ միասնաբար աղոթք բարձրացնենք առ Աստված՝ հայցելով Նրա ողորմածությունը այս ախտով տառապողների և մեկուսացվածների ոգու ամրության և շուտափույթ ապաքինման համար, ինչպես նաև ուժ ու եռանդ մեր բուժաշխատողներին՝ այս ախտի դեմ պայքարի գործում:

 

Ամենազոր Տիրոջ շնորհով և ողորմածությամբ, ինչպես նաև միասնական աղոթքով ու զորակցությամբ կհաղթահարենք նաև այս փորձությունը:

 

#Մնա՛տանը

 

 

 

 

 

Դիվան Ս. Գրիգոր Նարեկացի ՀԿ Ժողովրդապետության

 

Երևան