Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը... Կառավարությանն են դիմել նաև հայրենադարձներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Աննա Ալեքսանյան. Արևմտահայ կնոջ տառապանքները ցեղասպանության տարիներին, վերապրում...
Մարեմյան ժպիտներ, մայիսյան աղոթքներ. կանայք՝ կապույտ հագուստով
Մարեմյան ժպիտներ, մայիսյան աղոթքներ. կանայք՝ կապույտ հագուստով
31 May 2019 , 11:26

Յոթ-ութ տարի է՝ ամեն մայիս ամսի Հայաստանում  մոտ 50-60 կին հագնում է Մարիամ Աստվածածնի կապույտ պարեգոտը: Նրանք հագուստի հետ պարտադիր կապում են պարանից հյուսված սպիտակ գոտի, որը մայիսի 1-ին օրհնում են Երևանի  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, և գոտին ու հագուստն ամբողջ  մեկ ամիս կրում են, իբրև հավատարմություն Մարիամ Աստվածածնին: Հիմնականում Սիրիայի պատերազմից և միջինարևելյան այլ ճգնաժամերից հետո Հայաստան տեղափոխված սիրիահայեր, լիբանանահայեր են նրանք, որոնք Հայաստան են բերել մի շարք ավանդույթներ, այդ  թվում՝  մարեմապաշտությունը: Սիրիայում և Լիբանանում այս կանայք ամեն մայիս ամսին, դեռևս շատ երիտասարդ տարիքից  պարտադիր հագել են կապույտ տարազը, և, Հայաստան տեղափոխվելով, նույն ավանդույթը պահել են նաև այստեղ: Սովորույթը մեծ տարածում ունի նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյա այլ համայնքներում, ինչպես նաև՝ Եվրոպայում, ուր կաթոլիկ մարեմասերներ հագուստով և այլ խորհրդանիշերով իրենց երկրպագությունն են հայտնում այն կնոջը, որ ծնել է Հիսուս Քրիստոսին: Կապույտը խորհրդանշում է պարկեշտություն, պարզություն, այն երկնքի գույնն է. երկնքի և հավատացյալի միջև էլ, ըստ այս ուխտի, միջնորդ է Մարիամ Աստվածածինը: Իսկ ճերմակ գոտին մաքրության և անարատության  նշան է համարվում: Հագուստը կարվում է շատ հեշտ, ամենապարզ կտորից:  Մարեմյան այս ուխտի պարտադիր պայմաններից է՝ մեկ ամիս շարունակ հագուստը մեկ այլ հագուստով չփոխարինելը, գոտին չհանելը: Եթե մայիս ամսին խնջույքի, հարսանիքի, պաշտոնական միջոցառման կամ այլ տեղ են հրավիրված՝ այդ հագուստով են գնում, տանը, գործ անելիս նույնպես հագուստը չեն հանում… Սա համարվում է հավատարմություն Մարիամ Աստվածածնին, որի հանդեպ անսահման սիրով են լցված ուխտավոր կանայք: Ավանդույթը, սակայն, հայկական չէ. կաթոլիկ եկեղեցուց փոխառված  այս ծեսին մեծ սիրով է վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին:

 

 

Հենց Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում էլ, մայիս ամսին, ամեն չորեքշաբթի օր,   եկեղեցու հոգևորականի գլխավորությամբ տեղի են ունենում մայիսյան աղոթքները, որի հիմնական մասնակիցները Մարիամին ուխտ արած կանայք են: Նրանք երգում են Մարիամին նվիրված հայկական շարականներ, արտասանում մարեմյան աղոթքներ:

 


Երևանում քայլելիս այս կանանց հաճախ են հարցնում իրենց կրած հագուստի մասին, հարևան-ծանոթները, նրանց ամեն օր նույն հագուստով տեսնելով, տարակուսում են. Հայաստանում հիմնականում ծանոթ չեն այլ երկրներում տարածված մայիսյան այս սովորույթին, և այստեղ ապրող սփյուռքահայ մարեմասերները բացատրում են  նման հագուստ կրելու իրենց նպատակը:


 

Մարիամ Աստվածածինը գրականության մեջ և արվեստում կապույտ, երկար հագուստով և ճերմակ գոտիով սկսել է հայտնվել 15-րդ դարից: Ավելի ուշ կաթոլիկ եկեղեցին մայիս ամիսը հռչակել է Մարիամի ամիս: Մայիս ամսին Հռոմի Պապի թուիթերյան կայքում մեծ տեղ են գրավում Մարիամին և մայիսյան աղոթքների խորհրդին նվիրված գրառումները: Ինքը՝ Հռոմի Պապը, մայիս ամսին հաճախ է առանձնանում Աստվածածնի անունը կրող վատիկանյան որևէ սրբավայրում և Մարիամ Աստվածածնի՝ ծաղիկներով զարդարված արձանի մոտ աղոթում:


 

Այս մայիս ամսվա ուղիղ կեսն իր գրասենյակի պատուհանից Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատուհանի տակ հավաքված հազարավոր հավատացյալների համար արտասանում էր «Ուրախ լեր, թագուհի» մարեմյան աղոթքը  և բացատրում մայիս ամսվա խորհուրդը:  Նա մարեմյան խորհրդածություններ էր կարդում նաև բոլոր այն վայրերում, ուր հայտնվում էր մայիս ամսին:

Մարեմագիտության մեջ Մարիամ Աստվածածնին նվիրված մայիսյան սովորույթները անվանում են մայիսյան ջերմեռանդություն, որը 17-րդ դարից է սկիզբ առել, Իտալիայում:

Հայ իրականության մեջ մայիսյան ջերմեռանդության առաջին քարոզիչները Մխիթարյան հայրերն են եղել: Նրանք մեզանում նաև գիտության տարածման, տպագրական գործի ծաղկման և  բազմանուն մամուլի հիմնադրման առաջամարտիկներ էին:  Մինչև այսօր էլ լույս է տեսնում 1843-ին Մխիթարյանների հիմնած «Բազմավեպ» հանդեսը, որը հնագույն ժամանակներից մեր օրերը հասած միակ հայկական  պարբերականն է: Մխիթարյան միաբանությունում ուսանած հայրերն էլ մարեմականությունը քարոզել են Արևմտյան Հայաստանում, որտեղից այն տարածվել է Մերձավոր Արևելքում: Եղել են հայ մարեմագետներ, որոնք գրքեր են գրել և հայ ժողովրդի մեջ սերմանել Մարիամի հանդեպ սերը: 1883 թվականին Վիեննայում լույս է տեսել  Հ. Ղևոնդ Վրդ. Հովնանյանի «Աղօթագիրք պաշտօնասիրաց Ս. Յովսեփայ Աստուածահօր» գիրքը, որին հաջորդել են մարեմականության մասին այլ գրքեր: 1936 թվականին Կահիրերում տպագրվել է  Տ. Անդրեաս Վրդ. Մանկասարյանի «Մարիամի ամիսը» գիրքը:  Մեկ այլ գիրք՝ «Մայիսյան ծաղիկներ-Մարեմյան ժպիտներ» խորագրով, լույս է տեսել 1955-ին՝ Բեյրութում (հեղինակ՝ Տ. Միքայել Վրդ. Մոմջյան): Հայ և համաշխարհային գրականության գլուխգործոցներ են համարվում Գրիգոր Նարեկացու տաղերը՝ նվիրված Մարիամ Աստվածածնին: Չարենցի բանաստեղծություններից մեկի մեջ Աստվածամոր աչքերով նկարագրված աղջիկը նույնպես կապույտ գույն ունի:

Նոր ժամանակներում Մարիամի մասին հայերենով տասնյակ գրքեր են գրել դոկտոր Թամար Տասնապետյանը (Մատենադարանի նախկին գիտաշխատող, այժմ՝ բեյրութաբնակ) և  դոկտոր Հ. Մեսրոպ Ծ. Վ. Թոփալյանը (Այնճար, Լիբանան): Նրանց գրքերը թարգմանվել են նաև այլ լեզուներով: Մարիամի մասին գրված բոլոր հայերեն  գրքերը պահպանվում են հայ գրականության և մամուլի աշխարհի ամենամեծ պահոցում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Այդ գրքերի մի մասը թվայնացված է, ինչպես նաև թվայնացված է հնագույն հայկական մամուլը, որի էջերում հանդիպում ենք մարեմաբանության մասին հայերեն հոդվածների:    Մարեմագետ-հեղինակներից դոկտ. Հ. Մեսրոպ Ծ. Վ. Թոփալյանը Լիբանանում  հիմնադրել և մինչև այսօր էլ հրատարակում է հայ մամուլի պատմության մեջ միակ մարեմագիտական թերթը՝ «Մարիամ» վերնագրով, որը  նաև Մերձավոր Արևելքում մասնագիտացած միակ մարեմագիտական պարբերականն  է: Լույս տեսնելով տարին երեք անգամ՝ պարբերաթերթը հայերենի հետ նաև մի քանի լեզուներով նյութեր է տպագրում Մարիամ Աստվածածնի մասին:


«Մարիամ» թերթի նկարը տրամադրել է Հայաստանի Ազգային գրադարանը

 

Դոկտոր Հ. Մեսրոպ Ծ. Վ. Թոփալյանն ասում է, որ մայիս ամիսը, իբրև Մարիամի ամիս, ընտրվել է մի շարք պատճառներով, այդ պատճառներից հիմնականը մայիս ամսվա ծաղկառատ լինելն ու հնագույն ժողովրդների մոտ մայիսյան ծաղկախաղերի առկայությունն է. այդ ծաղկախաղերի ժամանակ էլ մայիսը համարվել է նոր կյանքի սկիզբ:  Մայիսյան ծաղիկներից մեկը մարեմախոտն է՝ անթառամը, որը բնության գեղեցկության և հավերժության խորհրդանիշն է: 

Դոկտոր Թոփալյանը նաև մի պատմություն է պատմում, ըստ որի  Ֆրանսիայում   կառապանների, տաքսու վարորդների և պարտիզպանների պաշտպան համարվող Սուրբ Ֆիակրան Մարիամ Աստվածածնի մատուռի շուրջ պարտեզ հիմնած առաջին մարդն է եղել: Փա­րիզում 670-ին վախճանված այս իռլանդացի   մենա­կյաց-պարտիզպանի հիմնած պարտեզի տեղում (որ նա կառուցել էր աղքատների և անկյալների համար)   այսօր Փարիզի «Hotel Saint-Fiacre»-ն է: Հենց նրա խնամած այգու  անունից է ծագել  Եվրոպայի մի շարք երկրներում մինչև ավտոմեքենայի ի հայտ գալը օգտագործված կառքի՝ ֆիակրայի անունը: Ֆիակրաները տեղակայվում էին Սուրբ Ֆիակրա պարտեզ-մատուռի շրջակայքում,  զարդարվում էին սուրբ նշանով, իսկ այսօր,  իբրև Ֆրանսիայի տաքսու նախատիպեր, դեռևս օգտագործվում են մի շարք երկրներում՝ զբոսաշրջիկներին հին փարիզյան տրամադրություններ հաղորդելու համար:

Մեր օրերում էլ մայիսյան ջերմեռանդության մաս է կազմում մայիս ամսին Աստվածամոր տաճարները, արձանները, նրա անունը կրող մատուռներն ու այլ վայրերը ծաղիկներով շրջապատելը:

 

Ուխտավոր կանայք մայիս ամսին նաև ծաղիկներ են ընծայում եկեղեցուն:

 

 

 

Եվրոպայում Աստվածամորը նվիրված եկեղեցիների բակերում վարդաստաններ են խնամվում, որոնցից քաղված ծաղիկներով  մայիս և օգոստոս ամիսներին (օգոստոսին նշվում է Աստվածածնի վերափոխման տոնը) թագադրում են Սուրբ Կույսի արձանը: Մարեմյան խորհրդանիշների մեջ առանձնահատուկ տեղ ունի Վարդարանը: Քիչ չէ այն մարդկանց թիվը, որոնք Վատիկան են հասնում՝  այնտեղ օրհնված վարդարանները, իբրև թանկ հիշատակ,  իրենց հետ տանելու և ամբողջ տարին կրելու համար:  Գեղեցիկ այդ վարդաշղթայից մայիսյան վարդի հոտ է գալիս. այն վատիկանյան զբոսաշրջության գլխավոր հուշանվերներից է:  Կապույտ հագուստով կանայք, իրենց վզին կամ պայուսակի մեջ վարդարան-համրիչը կրելով՝ լիարժեք են զգում իբրև մարեմապաշտներ:

Մայիսի 31-ին «Մայիսի թափոր» կոչվող արարողությամբ  էլ ավարտվում է մայիսյան ջերմեռանդությունը:  Թափորը ծաղիկներով զարդարված Աստվածածնի արձանի ուղեկցությամբ շրջում է փողոցներով,  թափորի անդամներից մեկը, իբրև Սիրամայր («Սիրամայր»-ը հայ գրականության և մամուլի մեջ Մարիամ Աստվածածնին տրված բազմաթիվ անուններից մեկն է) օրհնում է տներն ու խանութները և վարդի թերթիկներ շաղ տալիս ամենուրեք:

 

Մայիսյան աղոթքի վերջին օրը Երևանում մարեմասերները համախմբվում են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում (այս տարի վերջին աղոթքը մայիսի 29-ին էր) ծաղիկներ դնում Մարիամի անվան եկեղեցու խորանին  և եկեղեցու բակում քաղցրավենիք բաժանում միմյանց: 


 

Ուրախ-զվարթ տրամադրությամբ էլ ավարտվում է մարեմյան ամիսը: Եկեղեցու բակում, նրանք միմյանց մեկամսյա ուխտերին «Ուխտդ ի կատար» են ասում: Բոլորի ուխտը անձնական է՝ հիվանդություններից բուժվելուց, կյանքի ծանր հարվածներից հետո ոտքի կանգնելուց, փորձանքներից փրկվելուց, երեխա ունենալուց և այլ դեպքերից հետո նրանք Մարիամ Աստվածածնի ուխտն են որդեգրում: Կան նաև իրենց մայրերի առողջության համար կապույտ հագուստ հագնող կանայք. նրանք իրենց մայրերին Մարիամ Աստվածածնին են նմանեցնում.  մայիս ամիսը համընկնում է նաև մայրերի միջազգային ամսվան:

Չնայած մարեմեյան բարեպաշտության ծեսը հայ  և համաշխարհային իրականության մեջ պատկանում է կաթոլիկ եկեղեցուն, բայց Երևանում մեր հանդիպած բոլոր կանայք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Լիբանանում, Սիրիայում և այլ երկրներում էլ, հայ առաքելականների մեջ մեծ է մարեմասերների թիվը: Նրանք, գրեթե բոլորն էլ ասում են, որ մինչև իրենց կյանքի վերջ, ամեն մայիս ամսին հագնելու են կապույտ զգեստը, կապելու են ճերմակ գոտին:                                     

                                                                                      Անուշ Թրվանց

                                                                                         

                                                                         

                                                                                          

                                                                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝  «Արեւելքի»

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture