image

Հայ մանուկներու հաւաքական մկրտութիւն՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանի ձեռամբ (Լուսանկարներ)

Հայ մանուկներու հաւաքական մկրտութիւն՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանի ձեռամբ (Լուսանկարներ)

Վերջերս Շիրակի մարզի Մարմաշէն համայնքին մէջ «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանի ձեռամբ մկրտուած է Մարմաշէն եւ Մայիսեան բնակավայրերու 100 բնակիչ: Այդ օրինակով Սրբազանի ձեռամբ հաւաքական մկրտութիւններ կատարուած են նաեւ Երեւանի մէջ՝ Քանաքէռ-Զէյթուն համայնքի մէջ: «Արեւելք»ի հարցազրոյցը՝ Քանաքէռ-Զէյթուն համայնքի «Սուրբ Յակոբ» եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Տէր Բարսեղ աւագ քահանայ Ղազարեանի հետ.

-Տէր հայր, տեղեակ ենք, որ Քանաքէռ-Զէյթուն համայնքին մէջ վերջերս բազմաթիւ երեխաներու սուրբ մկրտութեան արարողութիւն տեղի ունեցաւ, ի՞նչ նախաձեռնութիւն էր այդ, կրնաք մանրամասնել:

-Մենք այս մկրտութիւնն արեցինք Շիրակի մարզի օրինակով, ուր  Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանի ձեռամբ հարիւրաւոր մարդիկ մկրտուեցին: Երբ առաջնորդարան դիմեցինք, ստացանք թոյլտւութիւնը, ապա մենք էլ նոյն բարեգործական ձեռնարկը այստեղ իրականացրեցինք:  Առաջին փորձը օրեր առաջ եղաւ, շուրջ 41 հոգի մկրտուեցին,  մկրտութիւն եղավ նաեւ Սուրբ Յակոբի անուանակոչութեան օրը, եւ սա լինելու է շարունակական: Դեկտեմբեր ամսուն լինելու են էլի մկրտութիւններ:  

 


 

-Տէր հայր, իսկ երեխաները ինչպէ՞ս կ'ընտրուին:   

-Մենք մեր եկեղեցում՝  «Սուրբ Յակոբ»-ում կիրակնօրեայ դպրոց ունենք: Մօտ երկու տարի է՝ ես երեխաներին էլ եմ ասել,   ուսուցչուհուն էլ եմ խնդրել, որ խօսի ծնողների հետ, առաջարկելով դասընթացների մասնակիցներից չկնքուած երեխաներին մկրտել: Բայց մինչեւ հիմա արձագանգ չկար: Այս անգամ առաջնորդարանը առաջարկեց, որ մկրտենք յատկապէս նրանց, ովքեր սոցիալապէս անապահով վիճակում են գտնւում:

 

 

-Այսինքն մինչեւ հիմա չկնքուած երեխաները հիմնական չքաւոր ընտանիքներէ՞ էին, ա՞յդ էր պատճառը, որ մկրտուած չէին:  

Մեծ մասամբ՝ այո: Քանի որ  կամ կնքահայր չունէին կամ կնքահայրը  բացակայում էր Հայաստանից, ընտանիքները անապահով վիճակում են գտնւում: Բայց մենք առաջարկեցինք իրենց համար կնքահայր ընտրել, ասելով, որ պարտադիր է, որ ամէն ընտանիք իր կնաքահայրը՝ քաւորն ունենայ, եւ Փառք Աստուծոյ, եկան, եւ մենք 41 հոգու այդպէս մկրտեցինք:  «Ձորակ» խնամքի կեդրոնում ֆիզիքական եւ մտաւոր արատ ունեցող երեխաներ, կանայք են գտնւում, նրանց էլ տնօրէն Սամուէլ Խաչատրեանը բերեց, մկրտեցինք, սրբազանի կողմից խաչեր, շղթայ եւ  նարօտ յանձնեցինք:

Ասեմ, որ բոլոր մկրտուողների ծախսերը Արիս արք. Շիրվանեան սրբազանն է հոգում՝  սրբիչը, խաչը եւ այլ իրեր տրամադրւում են: Երեխաների ծնողներից ոչ մի դրամ չի գանձւում,  մկրտութիւնից յետոյ էլ վկայական է տրւում:

Մենք թաղապետարանի միջոցով նաեւ դպրոցներում, մանկապարտէզներում ենք  յայտարարել, որ այն երեխաները, որոնք կնքուած չեն, դիմեն եւ քրիստոնէական ծէսով մկրտութեաան կարգ անցնեն: Յուսամ՝ արձագանգներ կը լինեն:

 


 

-Տէր հայր,  երկար տարիներ է, ինչ Դուք ծխատէր քահանայ էք, Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ ընտանիքներում մկրտութիւնը դեռեւս հաստատուն աւանդոյթ չի դարձել:

Հիմնականում՝ նիւթական հարցերի պատճառով: Ամէն անգամ, երբ խօսք է լինում, ասենք, չորս, հինգ երեխայ ունեցողներն ասում են՝ հիմա այդքան ծախս չանենք, բոլորին միասին կը մկրտենք մի օր: Բայց ես էլ ասում եմ՝ եթէ Աստուած միանգամից լոյս աշխարհ բերէր նրանց, այո՛, բայց նրանք առանձին են ծնուել, ուրեմն առանձին-առանձին պիտի մկրտուեն, իւրաքանիւրը՝ իր պահին:   Յուսամ, որ բոլոր մանուկներն իրենց մկրտութեան կարգը ըստ մեր եկեղեցու աւանդութեան կ'անցնեն, եւ սա այլեւս խնդիր չի լինի ընտանիքներում: