
Ջինսե հագուստի նկատմամբ պահանջարկը 4 տարի առաջ գրավեց գյումրեցի արտադրողների ուշադրությունը: Տեքստիլագործությամբ զբաղվող «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն շուկայի ուսումնասիրության արդյունքում որոշեց հենց այս ոլորտում ներդրումներ կատարել: Դժվարությունները սպասելի էին, բայց ակնկալվող արդյունքներն՝ առավել ոգևորող: Ուստի որոշեցին ու ձեռք բերեցին վերջին սերնդի բարձրակարգ իտալա-գերմանական սարքավորումներ: Այսօր ձեռնարկությունը իրականացնում է բոլոր երեք արտադրական փուլերը՝ մինչև կար, լվացում և վերջնական մշակում: Այս մասին «Արևելք»-ի հետ զրույցում պատմում է ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը:
«Նախագիծը մշակվել է 4 տարի առաջ, անցել է երկարատև փուլեր` մեքենասարքավորումների, շուկայի ուսումնասիրում և այլն: Գտել ենք լավագույն և հուսալի տարբերակը: Ամբողջ աշխատանքները և ծախսերը իրականացրել ենք ինչպես սեփական, այնպես էլ վարկային միջոցների հաշվին: Իրացման շուկաները մեծ են: Մեր հիմնական թիրախային շուկաներն են ԵԱՏՄ երկրների և եվրոպական շուկաները»,-պատմում է Լիլիթ Զաքարյանը:
Արտադրության մեջ ներգրավվել են իտալացի բարձրակարգ մասնագետներ, ովքեր ապահովում են եվրոպական որակ: Վստահեցնում է, որ շուկայում իրենց գները մրցունակ են: Բայց արտադրության ընթացքում ծախսերն ավելացան, ուստի որոշեցին դիմել կառավարության աջակցությանը:
Վերջերս կառավարության որոշմամբ Ռ Զաքարյան» ՍՊԸ-ին արտոնություն տրվեց՝ իրավունք տալով ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգել: Լիլիթ Զաքարյանը պատմում է, թե ինչու և ինչպես որոշեցին դիմել:
«Նախնական ծրագրի մեջ ներկայացված գումարի չափը ընթացիկ գործերում ավելացավ: Լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու փոխարեն փորձեցինք դիմել կառավարությանը: Կառավարությունը մեզ ընդառաջեց և տրամադրեց ԱԱՀ-ի հետաձգում 3 տարով, որը նշանակում է որ այդ գումարի չափով մենք ստացանք 3 տարով անտոկոս վարկ: Սա մեծ աջակցություն է նորաստեղծ ընկերությունների համար»,-կարծում է նա:
Իսկ կառավարության որոշման մեջ ասվում է նաև, որ ընկերությունը այսպիսով հնարավորություն է ունենում նաև կատարել 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Ընկերության կոմերցիոն տնօրենը պատմում է նաև այն միջոցների խնայողության մասին, որոնք կունենան տրված արտոնության արդյունքում:
«Կխնայենք այնքան գումար, որքան պիտի վճարեինք վարկի տոկոս վճարելու դեպքում: Բացի դրանից, այդ գումարը կարող ենք ներդնել արտադրության զարգացման, աշխատավարձերի և այլ ծախսերի համար»:
Բայց ընկերությունն իր հնարավորություններն ընդլայնելու համար կառավարությունից այլ ակնկալիքներ ևս ունի: Աշխատուժի ներգրավման բարենպաստ պայմանների կարիք ունեն: Մանրամասնում է.
«Քանի որ մեր երկրում բացակայում են այս ոլորտի մասնագետները, ստիպված ենք եղել ներգրավել այլ երկրից մասնագետներ, ինչը պահանջում է անհամեմատ մեծ ծախսեր ընկերության համար, ուստի եթե կառավարության կողմից լինի մի ծրագիր, որը կնպաստի արտոնյալ պայմաններում ներգրավել դրսից բարձր որակավորում ունեցող մասնագետների, դա կխրախուսի արտադրության զարգացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրություն ստանալուն: Լսել եմ, որ կառավարությունը ստեղծում է նոր ուսումնական ծրագրեր, բայց դրանք երկարատև ժամանակ են պահանջում: Պատրաստ ենք աջակցել կառավարությանը մեր ձեռք բերած փորձով»:















