
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք առաջիկա այցի և այցից ակնկալիքների շուրջ «Արևելքը» զրուցել է Իրանի հարցերով մասնագիտացած լրագրող, վերլուծաբան Ռուբիկ Մինասյանի հետ: Քանի որ այցի օրակարգի վերաբերյալ դեռևս պաշտոնական ինֆորմացիա չի հրապարակվել, ապա Ռուբիկ Մինասյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ կարելի է այս պահին ակնկալել այցի շրջանակներում՝ նշելով, որ ինքը նաև տեղյակ չէ, թե Հայաստանի նոր իշխանություններն ինչպես են վերաբերվում Իրանին: «Այս պահին ինձ համար ամենաառաջնային ակնկալիքն այն է, որ հայկական բեռնատար ավտոմեքենաները, առանց խոչընդոտների, մուտք ունենան Իրան: Այն, որ մեր մեքենաները առանց արգելքների Փոթիից Բանդարաբաս անխափան երթևեկեն, բեռնափոխադրումների առումով մեծ առավելություններ կտա: Ինչպես հայտնի է՝ մեր մեքենաները մինչև Վրաստան հանգիստ հասնում են, բայց Իրանի հարցում խոչընդոտներ կան: Երկրորդ ակնկալիքը մեր վերամշակող ընկերությունների հետ է կապված: Լավ կլինի, որ այդ ընկերությունները, ասենք՝ հյութ արտադրողները, Իրան մուտք ունենան և այնտեղ կարողանան իրենց արտադրանքը վաճառել, ինչը մեծ խթան կլինի վերամշակող ձեռնարկությունների համար, և ինչը մինչև այսօր չկար: Նմանատիպ հարցեր կարելի է բարձրացնել Իրանի հետ»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այցի օրակարգը ձևակերպվելուց հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել Իրանից ավելի կոնկրետ ակնկալիքների մասին:
Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Իրանը Հայաստանից, հարցին Ռուբիկ Մինասյանը պատասխանեց. «Իրանը Հայաստանից շատ ակնկալիքներ կարող է ունենալ, բայց դրանք ինչքանո՞վ ձեռտնու կլինեն Հայաստանին, ինչքանո՞վ նպաստավոր կլինեն Հայաստանի պետական շահի համար, պետք է լուրջ քննարկվեն: Օրինակ, Իրանն այսօր լուրջ խնդիր ունի նավթի վաճառքից գոյացած գումարները Իրան մտցնելու հետ: Հայաստանն այդտեղ դերակատարում կարող է ունենալ: Հայտնի է, որ այսօր Թուրքիան է կատարում այդ դերը, Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել է այդ դերը կատարելուց, և Հայաստանը կարող է ստանձնել նման դերակատարում, բայց պետք է հարցին նայել պետական շահերի տեսանկյունից: Այնպես չլինի, որ նման դեր ստանձնելուց հետո Հայաստանը հայտնվի ԱՄՆ-ի սանկցիաների տակ, որը մեզ ձեռնտու չէ:
Իրանը մեզնից կարող է նաև ակնկալել, որ Հայաստանը միջնորդ հանդիսանա իր ապրանքների վաճառքի հարցում կամ դառնա նավթի վաճառքի միջնորդ: Բայց սրանք նույնպես լուրջ վերլուծություններ պահանջող հարցեր են, որոնք պետք է ծանրութեթև արվեն»,-իրանյան հնարավոր ակնկալիքների մասին իր տեսակետը հայտնեց Իրանի հարցերով մասնագիտացած լրագրողը: Ինչ վերաբերվում է ամերիկյան պատժամիջոցներին, ապա, ըստ մեր զրուցակցի, դրանք իսկապես մտահոգիչ են այն երկրների համար, որոնք ուզում են ԱՄՆ-ի հետ ֆինանսական և քաղաքական նորմալ հարաբերություններ ունենալ: «Եվ եթե ցանկացած երկրում ցանկացած ընկերություն հայտնվում է այդ պատժամիջոցների ցանկում՝ արդենիսկ լավ չէ: Մեզ համար էլ, շատ պարզ է, որ մտահոգիչ է: Ընդհանրապես, որքան ես տեղյակ եմ, հայկական ձեռնարկություններ կան, որոնք Իրանից շատ առաջարկներ են ստանում՝ տարբեր ոլորտներում համագործակցելու համար: Այս առումով ընկերությունները շատ ուշադիր պետք է լինեն, որպեսզի հանկարծ չհայտնվեն իրանական «սև փողերի լվացման» շղթայի մեջ: Ասենք՝ իրանական մի ընկերություն կարող է մեզ առաջարկել համատեղ գյուղատնտեսական մեքենա արտադրել, բայց հետո փորձի մեր միջոցով «փողերի լվացում» կատարել, եթե այդ ընկերությունը որևէ կապ ունենա Իրանի հոգևոր առաջնորդի հսկողության տակ գտնվող Պահապանների կորպուսի հետ: Ընդհանրապես Իրանում կապիտալը, մեծ ընկերությունները հիմնականում Պահապանների կորպուսի ենթակայության տակ գտնվող ֆինանսական ընկերությունների ձեռքում են: Բոլոր ընկերությունները, որոնք համագործակցության առաջարկ են ստանում, պետք է այս ամեն ինչը հաշվի առնեն, նաև նկատի ունենան այն, որ Իրանում չկա «փողերի լվացման» դեմ որևէ մեխանիզմ կամ որևէ օրենք: Որևէ մեկը վստահ չէ, որ Իրանից ստացվող գումարները մաքուր են, մյուս կողմից էլ չկա միջազգային բանկային համակարգ, որով Իրանը կարողանա այս փողերը փոխանցել»,-նշեց «Արևելքի» զրուցակիցը:
Նա ավելացրեց նաև, որ Իրանի հետ հարաբերությունների ներկա փուլում պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր հանգամանքներ.
«Իրանը, իմ կարծիքով, գնալով վերածվում է տարածաշրջանում Հյուիսային Կորեայի, և մենք պետք է հասկանանք, թե ինչքանո՞վ է ձեռնտու տարածաշրջանի Հյուսիսային Կորեային նեցուկ կանգնելը: Հնարավոր է՝ վերլուծությունների արդյունքում հասնենք այն եզրակացության, որ Իրանին նեցուկ կանգնելը, անկախ բոլոր վտանգներից, ֆինանսապես մեզ ձեռնտու է: Չգիտեմ մեր կորցնելիքներից բացի դրա փոխարեն ի՞նչ կարելի է ստանալ, բայց փաստ է, որ այսօր Իրանի բոլոր հարևանները հրաժարում են այդ դերը կատարելուց»,-ասաց լրագրողը:
Քաղաքական հարցերից Արցախյան հիմնախնդրի հանդեպ Իրանի դիրքորոշմանն անդրադառնալով՝ Ռուբիկ Մինասյանը նշեց, որ Արցախի հարցը կարևոր է Իրանի իշխանությունների համար, բայց նրանց՝ այս առումով արված հայտարարություններն այնքան էլ հայամետ չի կարելի համարել: «Անկախ նրանից, թե ինչ իշխանություն կլինի Իրանում՝ Ադրբեջանի հետ ավելի փոքր սահմանը միշտ ավելի ձենտու է լինելու: Թե՛ ներքին և՛ թե՛ արտաքին ճակատներում Իրանի հայտարարությունները հայանպաստ չի կարելի որակել, դրանք ավելի շուտ չեզոք հայտարարություններ են, երբեմն՝ մի քիչ ադրբեջանանպաստ երբեմն՝ մի քիչ հայանպաստ: Ես այս պահին դժվար եմ համարում նաև այն, որ հնարավոր է միջազգային ասպարեզում Իրանից հայամետ դիրքորոշում կորզել»-ասաց Ռուբիկ Մինասյանը:
















