image

Սեր, լույս եւ շրթնածաղիկ. Արուսյակ Թյուրաբյանի հիշատակին

Սեր, լույս եւ շրթնածաղիկ. Արուսյակ Թյուրաբյանի հիշատակին

 

Սկսում եմ հասկանալ, թե ինչ է լինում, երբ վիշտը հարվածում է հոգուդ, որն արդեն իսկ խորունկ կսկիծի մեջ է։ Զգացողությունը չափազանց ցավոտ ու ճնշիչ է՝ որևէ անուն ստանալու կամ նախադասության մեջ տեղավորվելու համար։ Առաջին բառերը, որ բերանիցս թռան լուրն առնելուն պես, եղան «Մամ ջան, խնդրում եմ՝ գիրկդ առ Արուսին»։ Նրանք նույն տեղում են, և սա էր, որ իրական դարձրեց կատարվածը։ Այդ ժամանակ ուղեղիս հասավ, որ Արուսյակը նույնպես հեռացավ։ Ես չգիտեմ, թե հոգիներն ինչպես են իրար ճանաչում, երբ չկան մարմինները, որոնցով նրանք ճանաչվում էին, բայց մտքիս կամ, ավելի ճիշտ՝ հոգուս մեջ կասկած չկա, որ նրանք մխիթարություն կգտնեն միմյանց ներկայությամբ։
Մայրս ու Արուսյակը սիրում էին իրար։ Մաման նրան «կուկու ջան» էր ասում և հետն այնպես էր խոսում, կարծես Արուսը փոքրիկ երեխա լիներ։ Արուսյակն ընդունում էր մամայիս ջերմությունը և այն բազմապատիկ վերադարձնում նրան։ Մի քանի անգամ հասկացել եմ, որ խանդում եմ նրանց խոսակցության քնքշությանը, բայց հետո Արուսը շրջվել ու ինձ է փաթաթվել նույն այն քնուշ ջերմությամբ, որով պարուրել էր մորս։ Երբեք չեմ մոռանա, թե ոնց էր ողբում մի քանի ամիս առաջ, երբ մահացել էր մայրս, ոնց էր ինձ գրկել արարողության ժամանակ, ոնց էր ամբողջ վիշտս ներս առնում և ինձ ողողում իր անզուգական մեղմությամբ ու լույսով։
Հազիվ էինք միմյանց ճանաչում, երբ Արուսյակն ինձ առաջարկեց Քյու Գարդենզի իր ընդարձակ բնակարանի բանալիները, քանի դեռ ինքն ու իր փեսացուն ճամփորդության էին լինելու։ Այդ ժամանակ մորս ու տատիս հետ մեկ ննջարանանոց բնակարանում էինք ապրում, և նա գիտեր, որ գրելու համար ինձ հանգիստ տեղ պետք կլիներ։ Որևէ մեկը կկարողանար կերակրել նրա կատվին ու ջրել նրա անհամար ծաղիկները, մանավանդ որ ապրում էր իր ծնողներից մի հարկ ներքև, մի շենքում, ուր բազմաթիվ հայեր էին ապրում, որոնք կարծես մի ընտանիք լինեին։ Միշտ երախտապարտ կլինեմ, որ ինձ իր տուն թողեց։ Այդ օրից ի վեր միշտ հղում եմ այդ ամառ նրա խոհանոցի պատին տեսածս իմաստնությունը. «Մի' կեր որևէ բան, որը տատիկդ ուտելիք չէր համարելու»։ Տարածված ասույթ է, գիտեմ, բայց ես այն սովորել եմ Արուսյակից։ Ճիշտ այնպես, ինչպես շատերը երևի գիտեն, բայց ինձ Արուսյակն է սովորեցրել, որ ավելի լավ է ֆրանսիական սուրճը ատամփորիչով խառնել, քան գդալով։ Անցյալ շաբաթ վերջապես գտա ֆրանսիական սուրճի մամլիչ և գդալ գործածեցի, որովհետև տանս ատամփորիչ չկար, և մտածեցի Արուսյակի մասին։ Այդ ժամանակ նա դեռ այստեղ էր։ Պետք է նրան գրած լինեի...
Արուսյակն իմ երբևէ տեսած ամենանրբազգաց կինն էր։ Իր բնականությամբ ու զգայնությամբ երեխայի պես էր։ Կարծես ծաղիկ լիներ։ Կարծես հովիտ լիներ։ Թռչուն։ Անտառ։ Նա Բնությունից էր։ Ինձ հանդիպած որևէ մեկից ավելի նա էր մարմնավորում բնական կենսակերպը՝ ոչ միայն այն պատճառով, որ մթերքը գնում էր գյուղացիների շուկայից, ինքն էր պատրաստում իր շուրթերի բալզամը, լոսիոններն ու օճառները։ Նա ձեռագիր նամակներ էր ուղարկում, որոնք ստորագրում էր «սեր», «ծիծաղ», «շրթնածաղիկ» բառերով և դրանք ամփոփում ծրարների մեջ, որոնք զարդարված էին թանաքով դրոշմված մեղուներով ու թիթեռնիկներով, թեև նրա ամենասիրած դրոշմը կարծես թե բեղերն էին։ Նա ավելի շատ ծառի է փարվել, քան փայտփորիկներն են փորել, քան սկյուռներն են մագլցել։ Նա ավելի շատ է գնացել Բուսաբանական այգիներ, քան որևէ նյույորքցի, որն այնտեղ չէր աշխատում. ես կարող եմ ստորագրել իմ այս հայտարարության տակ։ Նա զրուցում էր բույսերի հետ, դրանց արմատների ու տերևների հետ։ Նա սեր էր շշնջում ցողուններին ու ծաղկաթերթիկներին՝ նրանց գուրգուրելով իր թավշյա ձայնով ու քնքուշ մատներով։
Եթե ազդարարումն իմ եկեղեցին է, ապա փակբերանությունը Արուսյակի տաճարն էր։ Նա պահպանում էր իր գրածները։ Որոշ քաղցր պահեր էր մեզ հայտնում իր մայրությունից և զբոսայգիներում, լեռներում ու միշտ օվկիանոսում իր շրջագայություններից։ Նա անուշիկ պատմություններ էր պատմում փոքրիկ հաճույքների մասին։ Նա լուռ էր, իմ կիսախուլ ականջի համար՝ երբեմն չափազանց լուռ։ Նա սիրում էր լռությունը, և երևի դրա համար էր, որ սիրում էր կորչել անտառներում, հազարավոր էջեր էր գրում, իր չքնաղ տղային տանում էր Ֆորեսթ փարքում կամ հոսանքների երկայնքներով երկար զբոսանքների։ Ինչքա՜ն գեղեցիկ ու հոգածությամբ էր մայրություն անում իր թանկարժեք որդուն։ Ինչքա՜ն երանություն էր գտնում նրա շաղակրատանքի ու հետաքրքրասիրության մեջ։ Ինչքա՜ն ներկա էր իրենց խաղի ու խոսակցության մեջ։ Ինչքան խոհեմորեն էր դաստիարակում ու առաջնորդում նրան։ Ինչքան լիաթոք էր ծիծաղում նրա երևակայական հետազոտությունների ու գերհերոսների նմանակության վրա։ Ինչքան էր նրան սովորեցնում բնության հետ միաձույլ լինել, կարեկցել ու համեստություն։
Արուսյակը գնահատում էր լռությունը, բայց նաև սիրում էր երաժշտություն, պար, տոնախմբություն։ Նա Վեսթ Վիլիջի Հալովինի շքերթի երկրպագու էր և ամենահանճարեղ, հումորային հագուստներն էր պատրաստում այդ օրվա համար։ Նա ստեղծարար էր. հայի փամփլիկ, կախարդական նրա ձեռքերը եփում էին, գործում, գտնում, թխում, հյուսում, գրում անվերջ գանձեր։ Նա ավելի շատ իր աչքերով ու գրիչով էր խոսում, քան լեզվով, և նրա արտահայտած ամեն բան զուլալ էր, ազնիվ, իրական։ Ծառը ծառ է։ Արևն արև է։ Արուսյակը երբեք չփորձեց այլ բան լինել, քան այն, ինչ էր. փխրուն, բուրավետ ծաղկունք։ Աշխարհն աղմկոտ է ու խառնաշփոթ։ Արուսյակը ծաղկունք էր։
Արուսյակը շատ ավելի լավ գրող էր, քան ես. նա աչքերը կխոլորեր իմ համեմատությունների տափակության վրա և փոխաբերական լեզվում առհասարակ իմ անճարակության վրա։ Նա աչքերը շատ է խոլորել. ծաղրի վարպետ էր։ Երեք օր է անցել, և ես սգում եմ արտասահմանում՝ բաժանված բոլորից, ովքեր ապրում են այս ահռելի կորուստը՝ մխիթարելով ու մխիթարվելով Ֆեյսբուքում՝ ճիշտ այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ մորս էի սգում Հայաստանից հեռու։ Որոշ ժամանակ կպահանջվի, որ գտնեմ այն բառերը, որոնցով կարողանամ արտահայտել այն ամենը, ինչ Արուսյակն էր, և այս կորստի մեծությունը։
Արուսյակ ջան, իմ քաղցր, կախարդական ընկեր, դու գնացիր Մայր բնության գիրկը, և նա ծոցը բացեց քեզ համար։ Այս ինչ զորեղ, վեհապանծ ու խոնարհ ելք ընտրեցիր դու։ Գիտեմ՝ լույսի մեջ ես հայտնվել և միշտ կմնաս լույսի մեջ։ Որպես մեկը, որ անվերջանալիորեն զմայլվում էր Ֆորեսթ փարքով, Բուսաբանական այգիներով ու Սաք Հարբորով, պատկերացնում եմ ինչ զմայլանքով ես (վերա)հայտնագործում Տիեզերքի անսահհման կախարդանքը, էլ չասած քոնի մասին։ Եթե որևէ մեկը երբևէ մարմնավորել է Հոգու ճառագում ու անաղարտություն, դա դու ես եղել։ Քո ժպիտի նման ժպիտ չկա, Արուսյակ, և դրա պայծառությունը միայն արվեստի այն գործից չէր բխում, որ քո աչքերն էին և շքեզ գանգուրներովդ պսակված դեմքիդ գեղեցկությունը։ Քո փառահեղ անունից չէր բխում, Արուսյակ՝ լուսատու աստղ։ Քո ժպիտի նման ժպիտ չկա, որովհետև քո Հոգու նմանը չկա։ Քեզ միշտ ժպտալիս եմ հիշելու։ Քեզ միշտ սիրելու եմ։
Սեր, լույս, լուսատիտիկ, իմ գեղասքանչ ընկեր։

Մարիամ Դիլաքյան

Անգլերենից թարգմանեց՝ Հասմիկ Հարությունյանը