image
Հրատապ լուրեր:

Սերգեյ Մանվելյան. Գանդի՞, թե՞ Թագոր

Սերգեյ Մանվելյան. Գանդի՞,  թե՞ Թագոր

ՍԵՐԳԵՅ ՄԱՆՎԵԼՅԱՆ



Գանդիի արձանը Երևան քաղաքում տեղադրելու վերաբերյալ Երևանի ավագանու կայացրած որոշման առնչությամբ, բնական է, ինչպես արևմտահայերն են ասում, «շատ մելան հոսեց»: Այդ առթիվ պիտի առանձնացնեմ Ա. Բախչինյանի հոդվածը, որտեղ ոչ ուղղակի կերպով, սակայն, ըստ էության, ներկայացվում են այդ չարաբաստիկ որոշմանն ընդդեմ մի քանի արժանահավատ փաստարկներ (տես՝ https://www.azg.am/AM/2019102517):

Այս օրերին հիշեցի իմ հնդիկ դասախոսին՝ Արորա Սանթոշ Կումարիին, ով պետական համալսարանում մեզ ավանդում էր հնդկական գրականություն և հնդկերեն: Այդ հետաքրքրական դասընթացն առիթ հանդիսացավ, որպեսզի ուսումնասիրեմ հայ- հնդկական բարեկամության որևէ մի դրվագ, խորհրդանիշ: Եվ հիացմունքս մեծ եղավ, երբ հայտնաբերեցի հնդիկ մեծ բանաստեղծ, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի և հայ ժողովրդի միջև եղած փոխառնչություններին, որոնք հետագայում ամբողջացրի հոդվածի տեսքով (տե՛ս Ս. Մանվելյան, Ռաբինդրանաթ Թագորը և հայերը, «Գիտության աշխարհում», ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2016, N 3, էջ 22-26):
Ի զարմանս ինձ՝ Թագորի և հայ ժողովրդի բարեկամության վրա խարսխված հողը բերրի էր, իսկ իմ հավաքած պտուղները՝ մեր ազգային արժանապատվությունը (խնդրում եմ չխառնել «հպարտ քաղաքացի» դատարկաբան արտահայտության հետ) շոյող:
Ըստ այդմ, առանձնակի հիշարժան են Վենետիկի Մխիթարյան հայրերի և Ավետիք Իսահակյանի (1925 թ.), Սոֆիայի հայ համայնքի և լեզվաբան Հակոբ Մարթայան-Դիլաչարի (1926 թ.), թեհրանահայ համայնքի (1932 թ.) հետ Թագորի ունեցած հանդիպումները, որոնցում հատուկ կերպով ընդգծվում էր մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Իսկ 1925 թ. Կոստան Զարյանը, երբ Փարիզում հիմնեց La Tour de Babell («Բաբելոնյան աշտարակ») արվեստի և գրականության համաշխարհային ամսագիրը, որի աշխատանքներին հրավիրվեցին մասնակցելու Պիկասոն, Շագալը, Միգել դը Ունամունոն, նրանց թվում էր նաև Թագորը, ով Կոստան Զարյանին ուղղված պատասխան նամակում գրում է. «Դա լումա է մտցնում ժողովուրդների հոգեկան կապերի ամրացման ու փոխըմբռնման գործում»:
Հարկ է նշել նաև, որ Թագորի գրականությունը դեռևս իր կենդանության օրոք բարձր է գնահատվել մեր հայ գրողների կողմից՝ Թումանյան, Տերյան, Թոթովենց, Զորյան, Վրթ. Փափազյան և ուրիշներ: Բացի այդ, կատարվել են բազմաթիվ թարգմանություններ ինչպես անցյալում (Համլիկ Թումանյան, Տերյան, Թոթովենց), այնպես էլ մեր օրերում (Գագիկ Դավթյան):

Հետաքրքրական են նաև Թագորի գնահատականները, որոնք ինքը զանազան առիթներով հնչեցրել է հայ ժողովրդի հասցեին.

1. Մենք զանազան ճյուղերն ենք այն խոշոր ծառին, որ է Արիական ցեղը («Բազմավէպ», Վենետիկ, 1925, N 2):

2. Կհավատամ, որ հայ ազգը չպիտի ընկճվի իր ենթարկված հալածանքներից, այլ ընդհակառակը՝ էլ ավելի պիտի խստացնի պայքարը («Յառաջ», Փարիզ, 1926, թիւ 210):

3. Դուք՝ հայերդ, ունեք ձեր հետևում մարտիրոսությունների երկար անցյալ, նույնպես և մի շարք անվեհեր հաղթությունների պատմություն՝ ձեր դեմ պայքարող հաղթանակների հանդեպ («Ալիք», Թեհրան, 1932, N 5)

4. Ձեր համայնքը քաղաքակրթության յուրահատուկ հանճար ունի (նույն տեղում):

5. Այո՛, արիական ժողովուրդների՝ Հնդիկների, Պարսիկների, Հայերի այս վերելքը վեր է ամեն գնահատանքից, և մենք փոխադարձ աջակցությամբ, իրար թև ու թիկունք տալով, պիտի կանգնենք քաղաքակրթության ամենաբարձր աստիճանին և ցույց տանք, որ Արևելքն էլ գիտի, հատկապես արիական երեք քույր ժողովուրդները, գնահատել քաղաքակրթության արժեքը («Յառաջ», Փարիզ, 1932, թ. 1891):

Հետևաբար, եթե այդչափ ընդգծվում է հայ-հնդկական բարեկամությունը խորհրդանշող որևէ արձանի տեղադրումը քաղաքամայր Երևանում, ապա հարկ եմ համարում խոսել ոչ թե Գանդիի, այլ Թագորի արձանը տեղադրելու մասին:

Հ.Գ. Իմիջիայլոց, հայերի հետ իր ունեցած հանդիպումների ընթացքին Թագորը չէր թաքցնում իր մտահոգությունը, թե ինչու ենք մենք փոխել մեր ազգային տարազը:
Մտածելու բան է