image

Հուսիկ Արա | Շնորհակալություն քեզ, Հայաստան

Հուսիկ Արա | Շնորհակալություն քեզ, Հայաստան

Քո Նաիրի և Արմենիա անունների համար,
ջրհեղեղից հետո Տիրոջ ընտրած մեր երկրի համար,
մեր տիրախոս լեզվի և տառերի`տեսիլքով տրված,
Սուրբ Մաշտոցի, շարականների, հայրենների համար,
և տիրատես Էջմիածնի,
շնորհակալություն քեզ, Հայաստան:


Զույգ Մասիսների համար,
մեր ու մեր միջև կիսված Արաքս գետի,
Անիի ավերակների՝ խոնարհված Արագածին,
Մեծ Հայքի, մեր էպոսի և գանձերի այս նոր,
Տիգրան Մեծիդ համար և մյուս մեծ զավակներիդ,
շնորհակալություն քեզ, Հայաստան:


Կյանքը, որ շնորհել ես ինձ`քեզ հետ ապրելու տենչանք,
իմ օրերի, ամեն ժամի, ակնթարթի՝ թեկուզ վաղանց,
քո լույսի, անկեզ խղճի և հույսի հանապազ,
ձմռան արևի, յոթ անգամ ծաղկող գարնան,
ծով համբերության ու պայքարի,
և այն աղջկա համար` ուրիշ ոչ մի տեղ հանդիպող,
իմ խոնարհումը քեզ, Հայաստան:


Աշխարհի մեջ մեր սեր և սիրո մեջ մեր աշխարհ,
իմ երազը ինձնից հետո քո աչքերն են տեսնելու,
իմ սիրտը ճախրելու է քո թևերի մեջ միշտ դեպի քեզ.
բարձր դրոշի, զինանշանի և օրհներգի մեր նոր,
և հավատի, որ դու ես սկիզբը ու վերջն ես անվախճան,
Նոյի ավետած անուն Երևանիս համար`դիմացն Արարատի,
օրհնյալ լինես, արմենների երկիր Հայաստան: