image

Սեւդա Սեւան. «Ինչպե՞ս թե ճանաչման հարցով պետք է սփյուռքը զբաղվի»

Սեւդա Սեւան. «Ինչպե՞ս թե ճանաչման հարցով պետք է սփյուռքը զբաղվի»

Հրաչուհի Փալանդուզյան. Իմ գանձատուփից

Սևդա Սեւան (1945-2009)


Բուլղարահայ գրողին հանդիպեցի «Արմենիա» հյուրանոցի իր համարում: Շատախոսում էր, իմաստախոսում, ասում էր.

- Բուլղարիայում թուրքերն այնքան են շատացել, վախենում եմ տղաս ամուսնանա, ու մի օր պարզվի, որ կինը թուրք է:

Ագահությամբ լսում էի նրա մեկանձնյա դատողությունները: Մեկ էլ սկսեց նկարագրել այն մեղուներին, որոնք Արաքսն անարգել անցնում են ու Արևմտյան Հայաստանի ծաղիկներից են նեկտար հավաքում: Այնտեղի մեղուներն էլ այսափնյա Հայաստանից են նեկտար տանում, մեղրամոմ հյուսում: Հետևությունը թողեց ինձ:

-Մի օր մենք մեղուներին չենք նախանձի,-ասացի:

Սևդայի հրճվանքը տեսնել էր պետք:
Մեկ ժամ անց մենք արդեն ռադիոյում էինք, բոլորը նրան էին սպասում: Դա ուրիշ ելույթ էր. Սևդան խոսում էր մեծ մայրիկի խոհեմությամբ, փաստերի ու հետևությունների հսկա պաշար էր: Չէր խոսում՝ ոգում էր: Խոսքի կիզակետում «Ռոդոսթոն» էր, պատմում էր գրքի ստեղծման շարժառիթների մասին, պատմում, թե ինչ պահոցներ է քրքրել, ինչ խոչընդոտների բախվել:

Այդ օրերին ոմանք չարախոսում էին, թե բանաստեղծական գրքերով հայտնի Սևդան չէր կարող այդ մակարդակի արձակ ստեղծել: Անգամ հեղինակի անունն էին նշում` նրա ամուսին Վրբան Ստամատովը, որ Բուլղարիայում հայտնի անուն էր, հայամետի համբավ ուներ և գրել էր «Մակույկով մինչև Արարատ» հրաշալի գիրքը: Թեև բոլորս էինք ուզում հերքումը լսել` ո՞վ կհամարձակվեր թանկ հյուրին այդպիսի անողոք հարց տալ:

Երբ Սևդան նշանակվեց Բուլղարիայում Հայաստանի դեսպան` լի էր անկարելին անելու եռանդով, իր հոգու լույսով բոլորին ոգևորում էր, նրա ամբողջ կեցվածքն ու գործունեությունը լավատեսություն էին ճառագում: Ասում էր, որ Բուլղարիան կարող է Հայաստանի ու Եվրոպայի միջև լավ կամուրջ լինել, համենայնդեպս ինքն ամեն ինչ անելու է, որ դա իրականություն դառնա:

Վերջին հանդիպման ժամանակ կատարելիք քայլերից էր խոսում, մեկ այս, մեկ այն ծրագիրը կցկտուր քննարկում: Դրանք մշակութային շրջանակից դուրս էին, կարծես դեսպան էր նշանակված ոչ թե մի գեղեցկուհի բանաստեղծուհի, այլ դիվանագետ տղամարդ: Ու դա նրան սազում էր:

Բայց չթաքցրեց, որ հիասթափված է: Նախկինում էլ ասում էր, որ հետանկախական ղեկավարների վարք ու բարքը, վարած քաղաքականությունը սրտովը չեն, բայց այն, ինչը նրան հիմա էր մտահոգում`արդեն փաստեր ու իրողություններ էին: Սևդայի կարծիքով ամենաանտանելին այն էր, որ իշխանավորները զարմանալի ճկունությամբ հարմարվել են իրենց պաշտոններին ու դրանք առանց որևէ բարդույթի վայելում են: Դա էլ ոչինչ, ասում էր, սկսել են արհամարհել այն ժողովրդին, որի ուսերի վրա բազմած իշխանության եկան: Դեպքեր հիշեց, երբ այդ մասին անթաքույց արտահայտվել է ու կոպիտ դիտողություններ ստացել:

Այդ անգամ ևս լրջորեն անհանգստացած էր Եվրոպայի թրքացումից:

-Բուլղարիան դեռ մի կողմ,-ասաց նա,-գիտե՞ս, թե Գերմանիայուն ինչքան թուրք կա, եթե այս արագությամբ շարունակվի` Եվրոպայում եվրոպացի չի մնա:

Անարգել տարածվելու, նվաճելու, ստով ու կեղծիքով մարդկությանը մոլորեցնելու թուրքական մոլուցքը Սևդան համարում էր ներկա աշխարհի ամենամեծ վտանգներից մեկը: Պատմում էր, թե Բուլղարիայում ինչ վերաբերմունք կա թուրքերի նկատմամբ: Մի պահի, երբ իշխանությունները փորձել են այդ տարրը երկրից հեռացնել, ազգային մեծ խանդավառություն է ծայր առել, սակայն միջազգային ճնշմամբ հետքայլ է կատարվել, ինչը ժողովրդի մեջ հուսալքություն է առաջացրել: Թուրքը դրանից ավելի է ոգևորվել ու լկտիացել:

Նրա կարծիքով նորանկախ Հայաստանն իրավունք չունի Հայոց ցեղասպանության հարցում դիտողի դեր ստանձնել:

-Ինչպե՞ս թե ճանաչման հարցով պետք է սփյուռքը զբաղվի,-հարցնում ու զարմանքից ուսերը վեր էր քաշում բանաստեղծուհին: -Ուրեմն ինչո՞ւ էինք երազում, որ անկախ հայրենիք ունենանք, որպեսզի պաշտոնյաները արտասահման գործուղումների՞ մեկնեն:

Բարձրաձայն չէր արտահայտվում, բայց ակնարկներից զգացվում էր, որ նախագահի երկչոտ արտաքին քաղաքականությունն է նրան զայրացնում:

-Հայերիս անելիքը հայ մնալն է,-ասում էր,-մեր ունեցածը պահպանելով ենք այն աշխարհ մուտք գործելու, որտեղ թուրքը տեղ չի ունենա:

Իմաստուն խոսքեր, որոնք չեն հնանում կամ հնանում են հայկական կոնյակի նման:

Սևդան թեև ապրում էր Բուլղարիայում՝ մտահոգ էր Ֆրանսիայի կացությամբ: Նրա կարծիքով Եվրոպայի կշռաչափը հենց այդ երկիրն է՝ իր ազգային ավանդույթներով ու ժողովրդավարական արժեքներով:

-Ֆրանսուհիները չեն կամենում երեխա ունենալ, կուզեն կյանքը լիորեն վայելել: Բնակչության թիվն այնքան է նվազել՝ շուտով իբրև ազգ կվերանան: Եվ ո՞վ պետք է գրավի նրանց չքնաղ երկիրը՝ իհարկե բիրտ թուրքն ու նրա նմանները: Սա արդեն ազգային խնդիր չէ, քաղաքակրթական ճգնաժամ է:

Ասում էր տխրությունից խոնավացած աչքերով, դողացող շուրթերը ատամներով սեղմելով:

…Մինչև հիմա աչքիս առաջ Սևդայի հայտնաբերած մեղուներն են, մտքիս մեջ`մեր մեծ երազանքը, թե մի օր Արաքսն անցնող-դարձող մեղուներին չենք նախանձի: