
Բանաստեղծուհի, գրական գործիչ Արուսյակ Օհանյանն օրերս է վերադարձել Լիբանանից: Առաջին անգամ չէ, որ նա այցելում է Լիբանան՝ ամեն անգամ վերադառնալով մի այլ տպավորությամբ: Այս անգամ այսպիսին են Արուսյակի տպավորությունները, որ նա, մեր խնդրանքով, տրամադրեց Արեւելքին».
Տապ, պտղառատ ու քաղցր քաղաք, կակտուսի պտղի ամենահամեղ շրջան ու քաղաքական ներքին, արտաքին վերջին խմորումների պատճառով տիրող հուսահատ, անկումնային տրամադրություն՝ այս է ներկայիս Բեյրութում տիրող իրավիճակը: Փողոցային առևտուրը, որքան էլ որ կոլորիտային է ու անսահման սիրուն, դեռ հուշում է, որ երկրում տիրում է ծայրահեղ հետամնացություն: Ցավալի է, որ փողոցային փոքրիկ առևտուրն էլ է մտնում փակուղի, ուր մնաց թե մեծ վաճառակետերն ու խանութները, սննդի սպասարկման կետերը... Զարմանալի է, բայց արաբ տնակյաց կանայք դեռ ծառան են պահում, սիրիացին էլ վաղուց է դարձել լիբանանցու աչքի փուշը՝ էժան աշխատուժով ու օրվա մի փոր հացով կշտացող: Քաղաքը կքել է հիջաբի տակ, երբ միևնույն ժամանակ հայկական Պուրճ Համուտ թաղամասում տիրում է մեծ ոգևորություն: Հայ վաճառականների հետ բազմաթիվ զրույցներ ունեցա, որոնք բարևից հետո նշում էին, որ Հայաստանում հող ունեն, բույն ունեն, տուն ունեն, որ մեր երկիրն այժմ դրախտ է ու անչափ ապահով հատկապես ընտանիքների կեցության, երեխաների կրթության համար: Պետք է նշեմ նաև, ոմանց կանայք, երեխաներն արդեն իսկ ապրում են Հայաստանում՝ Լիբանանում աշխատող ու թանկ վարձատրվող ընտանիքի հոր աշխատասիրությամբ: Թերևս միակ մտահոգությունն այս էր, որ Հայաստանում նույն ծառայությունը մատուցելու դիմաց ստանալու են իրենց ասելով «գրոշներ»: Ի հավելում նշեմ միայն՝ պարոնա՛յք, Հայաստանում մատուցվող ծառայություններն ու գներն էլ են բավականին էժան, այնպես որ՝ անվարան դուրս եկեք արաբական հիջաբի տակից, մենք ձեզ սիրով սպասում ենք:






















