image

Հայրենադարձի կյանքից. Առաջին ներգաղթողներից էր, անունը՝ Մանուել

Հայրենադարձի կյանքից. Առաջին ներգաղթողներից էր,  անունը՝ Մանուել

Լեռ Կամսար

 

Լսեք պատմեմ այսօր մի սափրիչի կյանքից։
Առաջին ներգաղթողներից էր, անունը՝ Մանուել։ Այս Մանուելը մի խանութ ուներ Երևանի Կոնդ թաղամասում և մարդկանց սափրելով՝ իր հանապազօրյա հացն էր հայթայթում։
Հասավ Ստալինի յոթանասուն-ամյակը։ Քաղաքը զարդարվեց։ Միլիցիան մտավ Մանուելի խանութը, թե՝ տանդ ինչ զարդ ունես՝ բեր խանութիդ պատերը զարդարիր։ Մանուելն ուներ ընդամենը մի պատի գորգ՝ իր մեծադիր լուսանկարը վրան կախած։ Բերեց մարդն իր ունեցած այդ զարդարանքը և խանութի պատին փակցրեց։
Տոնի օրը երբ ստուգելու համար միլիցիան դարձյալ խանութը մտավ ու տեսավ Մանուելի նկարը գորգին, և ոչ Ստալինի՝ անմիջապես, չթողնելով, որ Մանուելը իր հաճախորդի մեկ երեսը սափրելուց հետո մյուսն էլ սափրեր, վերցրեց մարդուն դատի տվեց, Ստալինի հոբելյանը ծաղրանքի ենթարկելու մեղադրանքով։
Դատարանը քննելով գործը՝ հաստատեց ու տասնհինգ տարով Սիբիր տաժանակիր աշխատանքի դատապարտեց։
Տասնհինգ տարուց վերադարձավ Մանուելը թոքախտով ծանր հիվանդ ու մեռավ։
Սիրված մարդ էր, բարեկամները բոլորն էլ պսակ բերին։ Թաղման թափորը կազմելիս, բարեկամները խորհուրդ տվին հանգուցյալի կնոջը Մանուելի նկարը դուրս հանել թափորի առջևից տանելու համար։
- Ամա՜ն, ձեր ոտքը պագնեմ, այդպիսի բան չանեք,- սարսափած խոսեց կինը,- մի անգամ այդ նկարը փորձանք բերեց գլխներուս, կուզեք կրկնե՞լ այն։ Ստալինի նկարը տարեք դագաղի առջևից...
Թափորը դեռ փողոցը չելած՝ հանկարծ սգերթը շրջապատվեց չեկիստներով։ Հրամայվեց դագաղը գերեզմանոց քշել, իսկ կնոջը, ձերբակալելով, Չեկա տարան։
- Դու մեր առաջնորդին մեռցնե՞լ կուզես,- ատամները կրճտացնելով ասաց կողքի չեկիստը,- հիմա քո հալը կտեսնես։
Կինը, անշուշտ, իր հալը «տեսավ», բայց նրա բարեկամներից և ոչ մեկը նրան այլևս չտեսավ, էն գնալն էր, որ գնաց։
Նրանց միակ որդին՝ Սեդրակը, ապագայում նման զուլումի չենթարկվելու համար վերցրեց մեջտեղից և իր հոր, և Ստալինի նկարները։
Խե՜ղճ Սեդրակ...
Ի՞նչ իմանար տղան, որ Ստալինի նկարն ամեն տան համար պարտադիր է կախել և այս հրաման անսաստողը կդատապարտվի տասը տարվա բանտարկության....
--------------------------
Սեդրակը էժան պրծավ։
Ինձ քսան տարվա դատապարտեցին, որովհետև ես համ Ստալինի նկարը չէի կախել պատիցս, համ էլ ոչ մի հատոր Լենինի գրվածքներից չունեի գրադարանումս...


Լեռ Կամսար, 1960թ․, «Հալոցք»