image

Հայերը ԱՄՆ-ում. «Եկել ենք Ամերիկա, պիտի ուտենք, բա ինչ պիտի անենք»

Հայերը ԱՄՆ-ում. «Եկել ենք Ամերիկա, պիտի ուտենք, բա ինչ պիտի անենք»

Վարդգես Դավթյան. Դիագնոստիկ սխալը 


Գալուս առաջին երեք տարին ապրեցի Հոլիվուդում: Հայկական Հոլիվուդում, որը չնայած անվանակոչել էին Little Armenia, սակայն անհրապույր, աղտոտ ետնախորշ էր հիշեցնում այդ տարիներին (հիմա բավականին բարեկարգել են, առաջվա թմրամոլերն ու ծախու կանայք փողոցներից անհետացել են մեծամասամբ): Բնակիչները իրենց նեղվածք կացարաններում կամ նորագաղթներ էին, կամ պետական նպաստներով գոյատևող գործազուրկներ (թոռից թոռ թոշակառուներ ) , որոշներն էլ  օրավարձով ապրող չարքաշ մարդիկ, ու նաև թանթիկներով, մորաք-ներով և ամոներով հավաքված, սուրճը մի քանի անգամ կրակին դնել-վերցնելով օր մթնեցնող առաջին սերնդի արտագաղթածներ (78-82 թվերի): Ինձ հատկապես զարմացնում էին 2-րդ սերնդի (88-92թ.թ. ) եկածները, ովքեր իմ տպավորությամբ մի տեսակ շփոթված էին, սիրում էին խանութներից շատ մթերք գնել, շատ ուտել ու նաև սև շորեր հագնել, տեղին-անտեղի խնջույքներ սարքել, ալկոհոլը չարաշահել, անկապ պտտել: Իմ նորահայտ ծանոթներից մեկը մի անգամ նույնիսկ չդիմացավ, ասաց.  «Եկել ենք Ամերիկա, պիտի ուտենք, բա ինչ պիտի անենք ...»:

  Մինչև վերջերս դա վերագրում էի որկրամոլությանը կամ, չգիտեմ, աչքածակությանը... Քիչ չէին հանդիպում դեպքեր, երբ տան վարձի գումարը տանում էին կազինո, տանուլ տալիս, ամսվա վերջին մնալով սևերես ... Նույն կատեգորիայի մարդիկ, մեկ էլ կտեսնեիր խանութներից ապառիկով ոսկեղեն կառնեին, տոնածառի պես կզարդարվեին և կմեկնեին Հայաստան՝ տուրիստ: Սա էլ էի բացատրում ցուցամոլությամբ կամ նման մի արատով: Ավելի ուշ ( շատ տարիներ անց ) հասկացա, որ այս մարդիկ պարզապես տառապում էին ( և են ) հոգեկան ծանր ընկճվածությամբ, դեպրեսիայով,  մասնավորապես՝ աղետալի ցածր ինքնագնահատականով: Բարդ է նորագաղթի կերպարը: