image
Հրատապ լուրեր:

Պարապ զբաղմունք է ընկճված հասարակությանն անընդմեջ ոգևորել՝ անցյալից պերճաշուք փաստեր բերելով

Պարապ զբաղմունք է ընկճված հասարակությանն անընդմեջ ոգևորել՝ անցյալից պերճաշուք փաստեր բերելով

Վարդգես Դավթյան. հոգեբան

 

Հուսահատության և ընկճվածության մոտիվները շատացել են ֆեյսբուքում: Եվ, եթե համարենք, որ ֆեյսբուքը ինտելեկտուալ և հոգեկան ազատության ամենաանկաշկանդ ասպարեզն է մեզանում, ապա կարելի է պատկերացնել, թե որքան մռայլ ու նկուն է դարձել հանրային հոգեվիճակն իրական կյանքի մեջ: Որոշ շրջանակներում էլ նկատվում են նույնիսկ էմոցիոնալ պարալիզի երևույթներ (հոգեկան կարկամածություն, սառնություն, սակավախոսություն): Իհարկե , պարապ զբաղմունք է ընկճված հասարակությանն անընդմեջ ոգևորելը անցյալից պերճաշուք փաստեր բերելով (աշխարհակալ արքաներ, ծովից-ծով, Նարեկացի և այլն): Հաճախ դա ճիշտ հակառակ ներգործությունն է ունենում ընկճված սուբյեկտի վրա, խորացնելով նրա ներկա հոգեկան ճգնաժամը, կտրուկ իջեցնելով նրա ինքնագնահատականը, որ նա ունի «այստեղ և հիմա»  («Ինչո՞ւ էին նրանք այդքան զորեղ և հպարտ, իսկ ես այսքան անզոր ու ծնկած» ... ) : Փորձը ցույց է տվել, որ եթե դեպրեսիա ունեցող անձին փորձում են ամոքել, շարունակ հիշեցնելով նրա փառապանծ և հաջողակ նախնիների մասին, դրանից նրա հոգեվիճակը կարող է միայն վատթարանալ, կարող ենք նրան նույնիսկ մղել խենթ ու վտանգավոր արարքների (այս երևույթը մասնագետներն անվանում են «ռապտուս մելանխոլիկուս»): Նույն հոգեկործան ազդեցությունն է ունենում նաև հոգսերի բեռից հուզաշաղ եղած, տագնապած հասարակությանը շարունակ հիշեցնելը «զարկված ու զրկված» անցյալի և դրա «հնարավոր կրկնության» մասին: Բա ինչպե՞ս վարվել, ո՞րն է խելամիտ վերաբերմունքը: Ձեռնպահ մնալով թարս ու շիտակ խորհուրդներից, նախ մարդկանց հնարավորություն տալ արտահայտվել` խոսել, պատմել, կիսվել, հոգին բաց անել, լալ ու խնդալ... Չընդհատել, չմիջամտել, չքննադատել, չխրատել, չնախատել, չսաստել, չկանգնեցնել : Մարդկանց շնչին մի ծանրացեք . թողեք յուրաքանչյուրն իր ասելիքն ասի ...Դրանով կհաստատեք, որ հարգում եք մարդկանց, հարգում եք նաև նրանց տվայտելու իրավունքը, գնահատում եք ներկա տառապանքի բարոյական արժեքը ... Վերջապես, ոմանց համար տխրությունը իրենց ներքին ազատությունն արտահայտելու միջոցն է, թեև ոչ ցանկալի միջոցը: