image

Որբանոց մտնելու իրենց հերթին սպասող երեխաներ (1919 թ., Ալեքսանդրապոլ)

Որբանոց մտնելու իրենց հերթին սպասող երեխաներ (1919 թ., Ալեքսանդրապոլ)

Լուսանկարում Ալեքսանդրապոլի հայ սովալլուկ, ցնցոտիավոր որբեր են, որ ձմռան ցրտին, կանգնած ձյան մեջ, սպասում են, թե երբ կմտնեն Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբանոց: Նրանց համար նման հնարավորություն կարող էր ստեղծվել միմիայն այն դեպքում, երբ որբանոցի սաներից մեկը հոգին ավանդեր, և թափուր տեղ առաջանար նոր որբ ընդունելու համար...



Ցեղասպանության զոհ դարձան տասնյակ հազարավոր հայ երեխաներ, իսկ հրաշքով փրկվածները զրկվեցին ծնողական գուրգուրանքից, որբացան: Վերջիններիս անխուսափելի մահից փրկելու և գոյության միջոցներով ապահովելու նպատակով սկիզբ առավ մարդկության պատմության մեջ աննախադեպ փրկարար առաքելություն, որում մեծ դերակատարում ունեցավ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն: Նպաստամատույցն ակտիվ գործունեություն ծավալեց Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և Հայաստանում, իսկ Մուդրոսի զինադադարից հետո` նաև Օսմանյան կայսրության ներքին շրջաններում:

Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) Նպաստամատույցի գործունեության համար հիմք էր դարձել 1919 թվականին քաղաքագլխի՝ Լևոն Սարգսյանի և Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչների միջև կնքված պայմանագիրը քաղաքի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ: Նպաստամատույցի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքվեցին թափառաշրջիկ որբերը, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորեցին հիվանդանոցներում կամ որբանոցներում:

Նպաստամատույցի տնօրինության ներքո 170 շենք կար, որոնք ռուսական զորքերի նախկին զորանոցներն էին:

«Կազաչի պոստ» և «Սևերսկի» որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ «Պոլիգոններում» տղաները: Սա մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր Որբաքաղաք:

«Դրսում սպասում էին ավելի քան 100 հյուծված, գրեթե մերկ, ոջլոտ ու հիվանդ երեխաներ, ամեն օր համբերությամբ հուսալով, թե ամերիկյան հնարամտությամբ իրենց համար էլ տեղ կգտնվի որբանոցի պատերի ներսում...»:


Ջոն Մեյս
Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից



Լուսանկարի աղբյուրը՝ Barton J., Story of Near East Relief (1915-1930), New York, 1930.