image

Իսմայիլ Հաքքի բեյը, որ կազմակերպեց 40.000 հայերի տեղահանությունն ու սպանդը

Իսմայիլ Հաքքի բեյը, որ կազմակերպեց 40.000 հայերի տեղահանությունն ու սպանդը

Լուսանկարում օսմանյան բանակի գնդապետ Իսմայիլ Հաքքի բեյն է, որ 1919 թ. մարտի 7-ին ձերբակալվեց բրիտանական բանակի շոտլանդացի զինվորների կողմից: 

Լուսանկարն արվել է Աֆիոն-Գարահիսարի երկաթուղային կայարանում՝ այդ նույն օրը քաղաք ժամանած Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործադիր տնօրեն Ջեյմս Բարտոնի պաշտոնական լուսանկարչի կողմից: 



Օսմանյան բանակի գնդապետ, Կոստանդնուպոլսի զինվորագրության հանձնաժողովի նախագահ, հայերի կոտորածների անմիջական իրագործողներից մեկի` Իսմայիլ Հաքքի բեյի (1883-1923 թթ.) անվան հետ է կապված շուրջ 40.000 հայի տեղահանությունն ու սպանդը:

Երիտթուրքերի կառավարության կողմից հայերի «պաշտպան» նշանակված Հաքքի բեյի հրամանով 40.000 հայ տեղահանվեց և քշվեց Դեր Զորի անապատի խորքերը, որտեղ գրեթե բոլորը մեռան քաղցից ու հիվանդություններից: 

Նրա հրամանով իրականացվել է ևս մեկ սարսափելի ոճիր. թուրքերը որբանոցից դուրս բերված 300 հայ երեխաների լցրել են վագոնի մեջ և վառել:

1919 թ. մարտի 7-ին բռնագաղթից և կոտորածներից փրկված հայերի մի խումբ Աֆիոն-Գարահիսարի երկաթուղային կայարանում նկատեց և ճանաչեց իրեն «հայերի աստված» հռչակած ոճրագործին: Նրանցից մի քանիսը վազեցին և բռնեցին իրենց դահճին: Հաքքի բեյին ձերբակալեցին բրիտանական բանակի զինվորները: 

«Այս գազանը Դեր Զորում ինքն իրեն «հայերի աստված» էր հռչակել և տասնութ վագոնների մեջ լցված հայ որբերին քարյուղով այրելով` ինքն իրեն հաճույք էր պատճառել»: 



«Ճակատամարտ» օրաթերթ
հունիսի 11, 1919 թ. 


Լուսանկարի աղբյուրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու 
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից