image

Հարեմներից ազատագրված հայուհիներ. «Սուգի քույրեր ենք մենք»

Հարեմներից ազատագրված հայուհիներ. «Սուգի քույրեր ենք մենք»
Լուսանկարում իսլամական գերությունից փրկված հայ աղջիկներ են, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը:

 


Այս լուսանկարը ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած դեռատի հայուհիների, ովքեր, տարիներ շարունակ, ենթարկվելով բազում ու բազմապիսի փորձությունների, կրկին հանգրվանել են հայրենի միջավայրում: 

Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ քշվող բազմաթիվ բռնագաղթյալ հայուհիներ ճանապարհին առևանգվեցին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից. ցանկացած դիմադրության փորձ անխուսափելի մահ էր: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին հայ կանանց ու երեխաներին ազատվելու իսլամական գերությունից: 

Հայ կանանց և որբերի հավաքագրման գործում մեծ է դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ավանդը: Որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ` նա հնարավորություն ստացավ ազատ իրականացնելու իր առաքելությունը: Հայ կանանց ու երեխաների հավաքագրման գործում Կ. Եփփեն առաջնորդվում էր «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսով` այդպես վճարելով նրանց փրկության համար: Նրան հաջողվել է հարեմներից փրկել մոտ 400 հայուհու: Կ. Եփփեի շնորհիվ այսպիսի կանանց համար ապաստարաններ դարձան Սիրիայի հյուսիսարևմտյան մի շարք բնակավայրեր, ինչպես օրինակ՝ Հալեպի «Մեյդան» կոչված վայրը, Թել ուլ-Աբյադ, Թել Արման, Թել Սիմեն, Աբու Թինա գյուղերը և այլն: 





«... երբ թուրքական ղեկավարությունը այս տեղահանությունների հրամանն արձակեց, նրանք իրականում տալիս էին մի ողջ ժողովրդի մահվան դատավճիռ. նրանք սա լավ էին գիտակցում և ինձ հետ խոսելիս առանձնահատուկ ջանք չէին գործադրում այդ փաստը քողարկելու համար»:  

Հենրի Մորգենթաու 
ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում


(1913-1916 թթ.) 



Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվի հավաքածու