image

Արագածոտնի մարզպետը պարգևատրեց սիրիահայ բժշկին

Արագածոտնի մարզպետը պարգևատրեց սիրիահայ բժշկին

Բժիշկ, վիրաբույժ, գիտությունների թեկնածու Բյուզանդ Քահքէճեանն իր ողջ կյանքն ապրել է Հալեպում: Մինչ 2012 թվականը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի մասին նույնիսկ չէր էլ լսել:

Հալեպում գտնվող բժշկական կլինիկայում ավելի քան 30 տարի աշխատած և մեծ հաջողությունների հասած վիրաբույժը երբևէ չէր կարող պատկերացնել, որ արդեն հասուն տարիքում տեղափոխվելու է Հայաստան և բնակության վայր է ընտրելու Արագած լեռան փեշերին գտնվող հեռավոր մի գյուղ:

 

Սիրիայում ծավալված երկարատև պատերազմի ժամանակ շատերի պես վտանգվեց նաև նրա ընտանիքի կյանքը, պայթեցվեց իր կլինիկան, և նա այլևս մտածելու այլ բան չուներ՝  թողնեց տունն ու տեղը և տեղափոխվեց Հայաստան։

 

«2012 թվականի ապրիլն էր: Այդ պահին մենք այլևս ոչ մի ճանապարհ չունեինք, մեր միակ ճանապարհը մեր տունն էր: Հայաստանից բացի ուրիշ այլ տեղ մեզ ապահով չէինք պատկերացնում: Միանգամից նստեցինք մեքենան ու եկանք հայրենիք: Ուրիշ էլ ո՞ւր գնայինք: Ընտանիքիս համար շատ դժվար էր, բայց հայրենիքը մեզ այնքան ջերմությամբ ընդունեց, որ Հայաստանը դարձավ մեր տունը: Ես պատրաստ եմ իմ կարիքն ունեցող ցանկացած մարդու օգնել, որ առողջանա: Ես ուզում եմ օգնել հայերին իմ մասնագիտությամբ»,- պատմում է Բյուզանդը և ավելացնում, որ հայրենիքում ընտրել է առաջին իսկ հնարավոր բնակավայրը:

 

Երբևէ չլսված գյուղը առանց վարանելու է ընտրել և որոշեց բնակություն հաստատել այնտեղ։ 2012 թվականից աշխատում է Ծաղկահովտի բժշկական կենտրոնում, որտեղ իր մասնագիտության կարիքը վաղուց էին զգում։ Բնակարանի հարցն էլ հեշտությամբ լուծվեց՝ բազմաբնակարան շենքերից մեկում պետությունը տուն հատկացրեց, և կյանքն աստիճանաբար հունի մեջ ընկավ։ Սիրած աշխատանքով կարողացավ օգտակար լինել բնակիչներին, սիրվել ու հարգվել նրանց կողմից։ Հիմա արդեն Ծաղկահովիտ խոշորացված համայնքի բնակավայրերում բոլորը նրան լավ են ճանաչում, առողջական խնդիրները լուծելու, վիրահատություններ կատարելու համար անվարան դիմում են իրեն՝ բժիշկ Բյուզանդին։

 

Նրա կատարած աշխատանքը նկատում ու գնահատում է առողջության կենտրոնի ու մարզի ղեկավարութունը։ Եվ պատահական չէ, որ մասնագիտական տոնի առթիվ բազմաթիվ շնորհավորանքների հետ մեկտեղ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը բժիշկ Բյուզանդին հանձնեց պատվոգիր։

 

Արագածոտնի մարզպետարան