image

Դադիվանքում զինվորներ են մկրտվել. նրանց բաժանվել են Աշոտ Երկաթի խաչի նմանողությամբ խաչեր

Դադիվանքում զինվորներ են մկրտվել. նրանց բաժանվել են Աշոտ Երկաթի խաչի նմանողությամբ խաչեր

Մայիսի 26-ը՝ Հարության 6-րդ կիրակիին, 451 թ. Ավարայրի ճակատամարտի հիշատակության օրը, խորհրդանշական էր ազատագրված Արցախի պատմական Դադիվանքում: Սուրբ Պատարագի ավարտից հետո  զինվորների սուրբ մկրտության արարողություն է տեղի ունեցել: Այդ մասի «Արեւելքը» տեղեկացավ  ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունից:  Օրհնությամբ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպս. Աբրահամյանի, ձեռամբ Արժանապատիվ Հովհաննես քհն. Հովհաննիսյանի, նախաձեռնությամբ գնդերեցներ Մանվել, Սուրեն և Ծերուն սարկավագների` Քրիստոսի եկեղեցուն են անդամագրվել երկու տասնյակ զինվորներ, որոնց կնքահայրությունը ստանձնել են ծառայակից սպաները և զինվորները: 


 

 

 
Արարողությանը ներկա էին այլ զորամասերի գնդերեցներ Հրաչյա և Իշխան սարկավագները, մկրտվողների ծառայակից ընկերները, ազգականներն ու բարեկամները:
Մկրտության խաչերը նույնպես խորհրդանշական էին, քանի որ պատրաստված էին հայոց Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանողությամբ:

 

 

 

 
 

 

Զինվորների մկրտության արարողության համար անհրաժեշտ բոլոր պարագաները ձեռք էին բերվել Կանադայում և Ռուսաստանում բնակվող ազնիվ ու բարեպաշտ հավատավոր հայրենակիցների բարերարության շնորհիվ:
Վճռական ճակատամարտերից առաջ հայոց զորքը հոգևորականի օրհնությունից, ներկայությունից զատ նաև կազմակերպել է զինվորների մկրտություն, պատարագ, և այդպիսիններից էր նաև վասն հավատո և վասն հայրենյաց մղված Ավարայրի պատերազմը:

Օրվա խորհրդին համաձայն` մկրտվող զինվորներն անվանակոչվեցին Սուրբ Վարդանանց հերոսացած նահատակների անուններով: