image
Հրատապ լուրեր:

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը մատուցեց եպիսկոպոսական ուխտի իր Պատարագը

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը մատուցեց եպիսկոպոսական ուխտի իր Պատարագը

Մայիսի 19-ին` Սուրբ Խաչի երևման տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում եպիսկոպոսական ուխտի իր անդրանիկ Պատարագը մատուցեց մայիսի 12-ին եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման արժանացած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:

Սրբազան արարողության ընթացքում Սերովբե Սրբազանը անդրադարձ կատարեց տոնի հաստատմանը և Տիրոջ սուրբ նշանի խորհրդին:

«Եթե բառացի իմաստով այսօր խաչ ենք վերցնում մեր ուսերին, պետք չէ մոռանանք, որ կա նաև հոգևոր խաչը, որ քրիստոնյայի համար առաջին հերթին իր քրիստոնեական հավատքից բխող ճշմարտությունն է, որ մենք պետք է առնենք մեր ուսերին և ապրենք ճիշտ ու ուղիղ, մեր կենսակերպը դարձնենք հայելին մեր քրիստոնեական հավատքի՝ թե՛ իբրև անհատ, թե՛ իբրև հասարակություն», - նշեց Սրբազանն իր քարոզում` հաստատելով, թե որևէ մեկը չի կարող պնդել, թե ինքը քրիստոնյա է, սիրում է Աստծուն, սակայն չարություն և ատելություն է սերմանում, ճշմարտության ու արդարության վեհագույն գաղափարները շահարկում:

«Տարվա մեջ մեր Եկեղեցին խաչին չորս օրեր է նվիրել ու իր հավատացյալներին, մանավանդ այդ օրերին, ինչպես օրինակ այսօր, երբ մենք նշում ենք Սուրբ Խաչի երևման տոնը, հրավիրում է ակնածանքով խոնարհվելու խաչի և Խաչյալի առջև և անդրադարձ կատարելու, թե ի՛նչ է խաչը մեզ համար: Ունի՞ նա մեզ համար ինչ-որ նշանակություն, թե՞ մի գեղեցիկ զարդ է և կամ առավելագույնը` անվանապես մեր քրիստոնյա կոչվելու արտաքին ցուցադրության միջոց: Եվ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրս պետք է փնտրի իր համար: …Այդ պատասխանը պետք է լինի ոչ թե մեր շուրթերին, այլ այն թաքնված է մեր սրտում և երևում է մեր ապրած կյանքի ու կենսակերպի մեջ, մարդկանց նկատմամբ մեր ունեցած կեցվածքի ու վերաբերմունքի մեջ»,- ասաց պատարագիչ Սրբազանը:

Սերովբե եպիսկոպոսն ընդգծեց, որ օրն իր համար նվիրական է, քանի որ մատուցում է եպիսկոպոսական ուխտի իր անդրանիկ Սուրբ Պատարագը: Այս առիթով նա իր սերն ու հավատարմությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա, դիմելով հոգևորականաց դասին ու ներկա հավատավոր ժողովրդին, խնդրեց մշտապես հիշել նաև իրեն իրենց աղոթքներում: