image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին

«Արցախը սրբություն է, այնտեղ պատիվն է մեր ժողովրդի».

Գարեգին Բ Կաթողիկոս

 

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիար Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Վլադիմիր Վարդանյանի: Արցախյան պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի առիթով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջխորհրդարանական այս հանդիպումները, որոնց ընթացքում համատեղ քննարկվում են Արցախի առջև ծառացած հարցեր, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարվեն բոլոր մարտահրավերները, պաշտպանվեն արցախահայության արդար իրավունքները և գտնվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Այդ գործընթացում Նորին Սրբությունը հրամայական նկատեց միասնականությունը և համագործակցությունը:

Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայոց Եկեղեցին իր հերթին կարելին անում է` նպաստելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է արցախյան հիմնախնդրի մասին: Գարեգին Բ Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Արցախը միշտ իր աղոթքների մեջ է, Հայոց Եկեղեցին` Արցախի կողքին` պատրաստակամ աջակից լինելու արցախցուն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Արցախով ոգեշնչվում և խանդավառվում է աշխարհասփյուռ մեր ողջ ժողովուրդը, որի համախմբման և միավորման գործում Արցախը կարևոր դերակատարություն ունի: Անդրադառնալով Արցախ կատարած հովվապետական այցելություններին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ միշտ վերադառնում է մխիթարված և գոտեպնդված` տեսնելով արցախցու հավատավոր և քաջարի ոգին, որով անառիկ է պահում երկրի սահմանները: Հայրապետի խոսքի համաձայն, արցախահայության զորավոր ու դարերի խորքից եկող հավատքը, լավատեսությունը և քաջազնությունը հաղթական կամքի ոգի է կերտում ողջ ազգի մոտ:

Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արցախի և նրա ժողովրդի հանդեպ ցուցաբերվող մշատական հոգածու վերաբերմունքի և ուշադրության համար, տեղեկացրեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում քննարկված հարցերի, տարածաշրջանի ընդհանուր խնդիրների և մտահոգությունների մասին: ԱԺ նախագահը կարևոր նկատեց առկա համագործակցությունը` ի խնդիր ազգին հուզող հարցերի լուծման, համազգային ծրագրերի իրագործման:

Խոսելով Արցախի ժողովրդի հոգևոր կյանքի մասին` պրն. Ղուլյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ապրիլի 7-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բացման և օծման արարողությունը հանդիսապետելու համար` հավելելով, որ այն մեծ խանդավառություն է առաջացրել ժողովրդի մոտ:

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ արցախահայությունն ապրի խաղաղության մեջ և միշտ հաղթական լինի թե՛ հայրենաշինության, թե՛ հայրենիքի արդար պայքարի մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Ամենազոր Աստծուն սիրո և միասնության մեջ պահել մեր ժողովրդին, որպեսզի միշտ հզոր լինի և կարողանա իրականության առաջնորդել իր իղձերն ու երազները: