image

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Ճաշկերույթը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Ճաշկերույթը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ

Կիրակի՝ ապրիլի 14-ին, ՀՀ վարչապետի տիկին եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը սիրով միացավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակազմի եւ Խորհրդի անդամների ճաշկերույթին՝ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Նյու Յորքի «Ալ-Մայաս» ռեստորանում կայացած ջերմ հանդիպմանը ներկա էին նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Մտերմիկ ու հաճելի մթնոլորտում տիկին Հակոբյանը ծանոթացավ Ավետարանչականի առաքելությանն առհասարակ եւ Հայաստանում՝ մասնավորապես։

Աննա Հակոբյանն իր հերթին պատմեց Միացյալ Նահանգներ այցի նպատակների մասին եւ պատասխանեց սեղանակիցների հարցերին, գլխավորապես իր կողմից ղեկավարվող երկու բարեգործական կառույցների՝ «Իմ Քայլը» եւ “City of Smile” («Ժպիտների Քաղաք») հիմնադրամների գործունեության վերաբերյալ։

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայրենիքում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված համագործակցության ուղիները, անդրադարձ եղավ նաեւ հավատքի եւ համամարդկային արժեքների պահպանման դերին։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը վերահաստատեց իր նվիրումը՝ ծառայելու աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր եւ նյութական կարիքներին, եւ մաղթեց, որ Հայաստանը շարունակի իր հաղթական պայքարը՝ դառնալու այն նոր ու հզոր հայրենիքը, որին բոլորս տենչում ենք։

ԱՀԱԸ Հանրային կապերի բաժին