image

Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժին նվիրված համերգի

Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժին նվիրված համերգի

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու աշխարհի բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք այդ ծանր օրերին կանգնեցին Հայաստանի և հայ ժողովրդի կողքին: «Շվեյցարիան Հայաստանի մեծ բարեկամն է և ինչպես իսկական բարեկամ, երկրաշարժի օրերին բոլոր հնարավոր միջոցներով օգնության ձեռք մեկնեց մեզ: Ինձ համար շատ հուզիչ և տպավորիչ էր Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի պատմած պատմությունը, որի կենտրոնում հայ համայնքի հայտնի և հարգված անձնավորություն Մայք Բարոնյանն է:

Այդ տարի երկրաշարժից անմիջապես հետո Մայք Բարոնյանը քայլելիս է եղել Շվեյցարիայի քաղաքներից մեկի Շաֆհաուսի փողոցներից մեկով և նկատել է մի մարդու ձեռքին փոքրիկ ցուցանակ: Մոտեցել և տեսել է, որ ցուցանակի վրա գրված է «Օգնեք Հայաստանին»:

Այնքան շատ բան կա այս պատմության մեջ, և մենք այնքան շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին այս վերաբերմունքի համար»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ինչպես երկրաշարժի օրերին, այնպես էլ դրանից հետո Շվեյցարիայի օժանդակությունը եղել է անգնահատելի: Աննա Հակոբյանը նշել է, որ այսօր աշխարհը բարության, մարդասիրության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի ավելին քան երբևէ: «Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում տասնյակ հազարավոր մարդիկ տառապում են ցեղասպանությունների հետևանքով, պատերազմներից և տեղահանություններից և, դժբախտաբար, մարդկությունը ավելի ու ավելի սառնասրտորեն է վերաբերում այս փաստին: Երկրաշարժի երեսուներրորդ տարելիցը, թերևս, այն առիթն է, որպեսզի մենք բոլորս մեկ անգամ կանգ առնենք և մտածենք ի՞նչ ենք անում»,-ասել է տիկին Հակոբյանը:

 

Համերգին թավջութակահար Աստրիդ Սիրանոսյանի, քանոնահար Նարեկ Գազազյանի և  դաշնակահար Արտավազդ Խաչատրյանի կատարմամբ  հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգը եզրափակվել է «Քեզ համար Հայաստան» երգով: