image

Մահացել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը. Նա վթարի էր ենթարկվել

Մահացել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը. Նա վթարի էր ենթարկվել

Այսօր առավոտյան մահացել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը: Այս մասին  «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում ասել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Այդ հիվանդանոցում էլ գտնվում էր վթարի ենթարկված Վահագն Մարգարյանը: Նա վթարի հետեւանքով ստացել էր ծանր վնասվածք: 

Երիտասարդ պարողը հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում  Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում արժանանացել էր 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը եւ ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: