image

Ինչպես է հայաստանցի կինը ծեծել սիրիահայ փոքրիկին. Միջադեպ Օպերայի բակում

Ինչպես է հայաստանցի կինը ծեծել սիրիահայ փոքրիկին. Միջադեպ Օպերայի բակում

Մի խումբ սիրիահայեր դիմել են «Արեւելքին»՝ մտահոգված պատմելով երեկ երեկոյան Օպերայի բակում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում սիրիահայ ութամյա մի փոքրիկ բռնության է ենթարկվել:

Բակում տեղադրված փչովի բատուտում խաղալու ժամանակ մի երեխա մայրիկին բողոքել է, որ ներսում մի փոքրիկ տղա հրել է իրեն: Մայրը, լսելով աղջկա բողոքը, մտել է բատուտի մեջ եւ ծեծել խաղի ժամանակ իր աղջկան ձեռքով հրած տղային: Ծեծին ականատես են եղել խաղավայրի աշխատողները եւ շուրջը հավաքված մարդիկ, սակայն, ինչպես պատմում են դեպքը ներկայացնող սիրիահայերը, ոչ ոք չի միջամտել: Ավելին, երբ երեխայի ծնողները ոստիկան են կանչել, որոշ մարդիկ դեպքի վայրից արագ հեռացրել են բռնություն կիրառած կնոջը:

«Արեւելքին» դիմած եւ վրդովված սիրիահայերը պատմում են, որ երեխան Երեւանում հաստատված հայտնի բժիշկներից մեկի որդին է, որը խաղի ժամանակ թեթեւակի հրել է նույն բատուտում խաղացող աղջկան:

Նրանք տեղեկացնում են նաեւ, որ ոստիկանները դեպքի վայր են ժամանել բավական ուշացումով, իսկ ժամանելուց հետո էլ ոչինչ չեն կարողացել անել, քանի որ երեխային ծեծած կինը արագ հեռացել է:

«Արեւելքի» հետ զրույցում երեխայի հայրը՝ Երեւանում հաստատված սիրիահայ ատամնաբույժ Հ.Գ.-ն, ասաց, որ անծանոթ կինն իր երեխային կոպտորեն ծեծել է,  իրենք հազիվ են հասել եւ նրա ձեռքից ազատել ութամյա տղային: 

«Մենք պատերազմից եկանք հայրենիք, այստեղ ապրում ենք, աշխատում, երեխաներն այստեղ դպրոց եւ մանկապարտեզ են հաճախում, բայց երբեք չէինք մտածի, որ հայրենիքում այսպիսի միջադեպի մասնակից կլինենք: Եթե այդ կինը փախած չլիներ, մենք ուղղակի դատի կտայինք նրան: Այդ պահին մեզ երեխան էր հետաքրքրում եւ մինչ երեխային  հանգստացնում էինք, նա փախավ, հետո էլ չկարողացանք գտնել: Ապշել էինք, թե այդքան երիտասարդ կինը ինչպե՛ս է դաժանորեն խփում փոքրիկին:  Ուզում եմ, որ դեպքի ականատեսները այս ամենը կարդալով՝ մի քիչ մտածեն տեղի ունեցածի մասին: Իսկ խաղավայրի պատասխանատուներն էլ, այդքան թանկ գներով խաղավայրը շահագործելուց առաջ նախ մտածեն ապահովության եւ կարգ ու կանոնի մասին»,-«Արեւելքին» հայտնեց սիրիահայ բժիշկը, որը կարծում է, թե դեռ ուշ չէ, եւ իրավապահները կարո՛ղ են այս դեպքի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել: