image

Եթե մեկը սիրի հայերենի տառերը, չի կարողանա այլ կերպ գրել. Ռուբինա Տեր-Բարսեղյան

Եթե մեկը սիրի հայերենի տառերը, չի կարողանա այլ կերպ գրել. Ռուբինա Տեր-Բարսեղյան

Օգոստոսի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվեց սփյուռքահայ նկարչուհի, բանաստեղծ Ռուբինա Տեր-Բարսեղյանի «Մեր երգեցիկ այբուբենը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև օգոստոսի 20-ը։  . Ինչպես հայտնում են կազմակերպիչները՝ նկարները երկար ժամանակ կմնան թանգարանում, և դպրոցները կարող են այբբենարանի հանդեսներ և հայերենին նվիրված միջոցառումներ անցկացնել այնտեղ և օգտագործել այդ նկարները:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լեզվի կոմիտեն և Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը։

Ներկաներին ողջունեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Նա նշեց, որ հեղինակի ցանկությամբ նկարները ցուցադրված են նաև սեղաններին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան ձեռք տալու ու զգալու սիրո, կարոտի այն շունչը, որ ապրել է Ռուբինա Տեր-Բարսեղյանը օտարության մեջ ստեղծագործելիս։

Բացման խոսքով հանդես եկավ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահը նշեց, որ հայկական տառերը պատկերող 41 նկարները գունագեղ են ու ջերմ, այնտեղ Նոր Ջուղայի և Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների շունչը կա։ «Ինքնուս նկարչուհին ծնվել է Իրանի Ահվազ քաղաքում, մեծացել հայաշունչ Նոր Ջուղայում, որտեղ 4 տարի սովորել է հայկական դպրոցում: Ապա տեղափոխվել է Հնդկաստան, տարիներ անց վերադարձել Իրան, Թեհրան, որտեղ աշխատել է, ընտանիք կազմել: 1989-ին ընտանյոք տեղափոխվել է Գերմանիա, Հայդելբերգ: 2005-ից Ռուբինան, նկարչի կրթություն չունենալով, սկսել է նկարել հայկական այբուբենի տառերը, որոնց հարազատ  հնչյունները մշտապես իր ականջում էին ու մեղմում էին մենության զգացումը, որ առաջացել էր հայերեն խոսք չլսելու պատճաոռվ», - ասաց Դ. Գյուրջինյանը:

Կոմիտեի նախագահը նշեց, որ ցուցահանդեսը քարոզչական նպատակ ունի, որ համացանցում հայերեն գրելիս մարդիկ օգտագործեն բացառապես հայերեն տառերը․ «Երբ հայերեն չեն գրում, չեն զգում մեր լեզուն։ Լատինատառ, ռուսատառ, առհասարակ այլատառ գրելը ազգային ինքնության դեմ ուղղված քայլ է»։

Դավիթ Գյուրջինյանն ուրախությամբ նկատեց, որ չնայած ամառային արձակուրդներին, ցուցահանդեսի բացմանը ներկա են դպրոցականներ։ Նա հավելեց, որ միջոցառման նպատակներից մեկն էլ երեխաներին իրազեկելն է․ «Թող երեխաները գան, տեսնեն, շոշափեն ու մտածեն մեր տառերի, ժայռապատկերների խորհրդի մասին։ Անկախ նրանից՝ հետագայում ինչո՛վ կզբաղվեն, ի՛նչ մասնագիտություն կընտրեն, ցուցահանդեսը վստահաբար ինչ-որ հետք կթողնի նրանց հոգում: Նրանք կսիրեն հայերենի տառերը և հետագայում Հայաստանի բնակավայրերում որևէ ցուցանակ կամ վահանակ տեղադրելիս չեն դավաճանի հայոց գրերին»։

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանն ընդգծեց․ «Տառերը մեր հայրենիքն են։ Յուրաքանչյուր ոք, ով չի գրում հայատառ ու հայերեն, իր չափով քանդում է մեր հայրենիքը։ Դեռ հին ժամանակներում մեր դասական ուղղագրությունը երգելու վարպետության կանոններ է մշակել։ Այդ պատճառով երաժշտության մեջ ավելի է կարևորվում ճիշտ հնչյունի և բառի ընտրությունը»։

Նկարչուհի Ռուբինա Տեր-Բարսեղյանը պատմեց, թե ինչպե՛ս է սկսել նկարել․ «Գերմանիայում ես դուրս էի գալիս փողոց ու հայերեն չէի լսում։ Կարոտս առնելու համար սկսեցի պատկերել տառերը։ Հետաքրքրվեցի ու տեսա, որ մեր այբուբենի պատմությունը հասնում է ժայռապատկերներին։ Դիմեցի մասնագետ Համլետ Մարտիրոսյանի օգնությանը։ Եվ մաշտոցյան տառերը զուգակցելով հայոց հնագույն ժայռապատկերներին՝ ընտրեցի հոգեվիճակիս բնորոշ գույները»։

Միջոցառման երաժշտական հատվածում հայկական երգերի կատարումներով հանդես եկավ նկարչուհու թոռնուհին՝ Արփի Աբրահամյանը (դաշնակահար՝ Ռազմիկ Աբրահամյան)։