image
Հրատապ լուրեր:

Հայր Սուրբ, մի՞թե այսօրվա բռնածդ ճանապարհն է ուսուցանել քեզ Սուրբ Գիրքը. Արձագանք Արգենտինայից

Հայր Սուրբ, մի՞թե այսօրվա բռնածդ ճանապարհն է ուսուցանել քեզ Սուրբ Գիրքը. Արձագանք Արգենտինայից

Մաղաքիա վարդապետ Ամիրյան

Արգենտինա


 

«Հոգիս տխուր է մահու չափ»(Մատթ. 26։38)։

Սիրելի հայորդիներ, իմ շատ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, սիրելի հոգևոր եղբայր Հայր Կորյուն։

Դու ինքդ սիրելի Հայր Սուրբ, կրթվել և առաջնորդվել ես մեր Սուրբ Եկեղեցու փաղանգ հանդիսացող եկեղեցական Սուրբ Հայրերի և Հայրապետների հարուստ ժառանգությամբ՝ նույնը հորդորելով նաև մեզ։ Մի՞թե այսօրվա բռնածդ ճանապարհն է ուսուցանել քեզ Սուրբ Գիրքը, մի՞թե մեր հազարամյա Եկեղեցու Սուրբ Հայրերն ու իրենց իսկ կողմից կազմված եկեղեցական կարգերն ու կանոնները քեզ չեն ուսուցանել թե ո՞րն է ճշմարիտ ճանապարհը։
Սրտի խոր ցավով և ափսոսանքով այսօր լսեցի քո «հայրական հորդորը» ուղված մեր հավատացյալներին։ Հովհաննես Մանդակունի հայրապետն ասում է.«Քեզ չհրամայվեց բամբասել առաջնորդներին, այլ հրամայվեց լսել ու պատվել նրանց»։ Իսկ Սուրբ Գիրքն ավելացնում է.«Լսեցեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն»(Եբր. 13։17)։ Սիրելի եղբայր ի Քրիստոս, բարի եղիր բացատրելու մեր հավատացյալներին, որ այս պահին քո բռնած ճանապարհն իբրև կուսակրոն հոգևորական, արդեն իսկ կանոնական չէ։ (Վստահ եմ շատ լավ գիտես այդ կանոններն ու օրենքները)։
Եկեղեցին իբրև մեծ ընտանիք, իբրև հարանորոգ առաքելություն միշտ էլ ունեցել է ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ, ունի և այսօր։ Ճշմարիտ ճանապարհի մասին խոսելիս, ինքդ չես անրադառնում, որ դու ես առաջին հերթին շրջանցում այն։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ » նախաձեռնությունը ի՞նչ կապ ունի իրավական և եկեղեցական կանոնակարգությամբ եկեղեցու խնդիրները լուծելու առաքելության հետ։ Արդարացի չէ այդպես։
Սիրելի եղբայր, քաջատեղյակ եմ քո Քրիստոսասեր հոգևորականի կերպարին, բայց Աստվածաշունչը այլ բան է քարոզում. «Հանիր նախ գերանը քո աչքից և ապա կմոտենաս՝ հանելու եղբորդ աչքից շյուղը»(Մատթ. 7։5)։ Արդյո՞ք մենք այդքան անմեղ ենք, որ ունենալով բազմաթիվ մեղքեր, մեղադրում ենք Հայոց Հայրապետին։ Արդյո՞ք պարզ հավատացյալը տեղյակ է թէ քանի՞ անգամներ է Հայոց Հայրապետը աչք փակել քո կատարած խախտումների համար, քանի՞ անգամներ ես լքել օրինական նշանակում ունեցած ծառայական վայրդ, հաճախ նաև վերադասներիդ դնելով անհարմար վիճակի մեջ։ Կամ թե կուրորեն չտեսնել այն կատարված աշխատանքը, որ առկա է մեր եկեղցում(անշուշտ անելիքներ դեռ շատ կան)։Արդարացի չէ։

Սիրելի Հայր Սուրբ, բնավ չցանկանալով ավելի ու ավելի մանրանալ, եղբայրական հորդորս և խնդրանքս է քեզ, որ ետ կանգնես բռնածդ հակականոնական և հակաեկեղեցական ճանապարհից։ Աղոթում եմ քեզ համար, որպեսզի Ամենակարող Տերը լուսավորի քո միտքն ու հոգին։