image

Արցախի Կովսական և Լիբանանի Այնճար քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր

Արցախի Կովսական և Լիբանանի Այնճար քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր

Մայիսի 18-ին Արցախի Հանրապետության Կովսական և Լիբանանի Հանրապետության Այնճար քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Այնճարի քաղաքապետարանում։

Կովսական քաղաքի անունից հուշագիրը ստորագրել է քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, իսկ Այնճար քաղաքի անունից՝ քաղաքապետ Վարդգես Խոշյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը, Այնճարի քաղաքային խորհրդի անդամներ և Լիբանանի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ հավատարիմ մնալով ազգերի ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության գաղափարներին՝ կողմերը պայմանավորվում են երկու քաղաքների միջև տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցություն և գործնական կապեր հաստատել, նախաձեռնել և իրականացնել համատեղ ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել տարբեր ոլորտներում մասնագետների և փորձագետների փոխայցելություններ։